Գագիկ Ծառուկյանը կուսակիցներին ուղարկել է սահմանամերձ շրջաններ (տեսանյութ)
Ինչպես տեղեկացնում է ԲՀԿ պաշոնական կայքը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում են համակողմանի աջակցություն ցուցաբերել մեր երկրի հեռավոր ու սահմանամերձ շրջաններին: Առաջին մարզն, ուր Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այցելեցին կուսակցության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, Գեղարքունիքն էր: Հյուրերը գրենական պիտույքներ, մարզական հագուստ ու բազմազան պարագաներ նվիրեցին սահմանամերձ Վահան գյուղի մանկապարտեզի ու դպրոցի սաներին: Մարզի Թթուջուր գյուղում ևս կուսակցության ներկայացուցիչները սպասված հյուրեր էին: Հաճելի անակնկալն այստեղ ոչ միայն երեխաներին, այլև մեծերին ոգևորեց: Նրանց խոսքով՝ ցանկացած ուշադրություն դժվարությունները հաղթահարելու նոր ուժ է հաղորդում:
Մայրաքաղաքից ավելի քան 110 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջիլ գյուղի բնակիչները ապրում են ադրբեջանական սահմանից ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա: Բնակիչները նշեցին, որ Գագիկ Ծառուկյանի հոգատար վերաբերմունքը բազմիցս են զգացել: Միաժամանակ համոզմունք հայտնեցին՝ որքան մեծ լինի իրենց նկատմամբ ուշադրությունը, այնքան անմար կմնա հարազատ գյուղում ապրելու ու արարելու ցանկությունը: Այստեղ ևս բոլոր երեխաներն արժանացան նվերների:
Սահմանամերձ Ջիլը 800-ից ավելի բնակիչ ունի: Նրանց գերակշիռ մասն Ադրբեջանից բռնագաղթված մարդիկ են: Հանապազօրյա հացը հողագործությամբ ու անասնապահությամբ են վաստակում: Շուտով գյուղի 20-ամյակն են տոնելու: Տարեդարձի առիթով գյուղին նվեր մատուցեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը. բնակիչների խնդրանքով՝ գյուղի կենտրոնական փողոցում կտեղադրվի Արցախյան պատերազմի նահատակների և Ադրբեջանում զոհված հայերի հիշատակին նվիրված խաչքար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունն իր շարունակությունը կունենա սահմանամերձ բոլոր շրջաններում: Հաջորդ հանգրվանը Տավուշի մարզն է: