Բաժիններ՝

«Սոնան» և «Մաշան» չընդունեցին սուտ մատնության մեղադրանքը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր սկսվեց  սուտ մատնության մեղադրանքով ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց դեմ գործի դատաքննությունը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ամբաստանյալները երկուսն են՝ «Սոնան» և «Մաշան»՝  նրանց տղամարդկային անուն-ազգանունները նրանց իսկ խնդրանքով չենք հրապարակում:

Ըստ մեղադրական եզրակացության, «Սոնան»՝  նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հողվածով՝ Սուտ մատնությունը,  նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2012թ. հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում սուտ հաղորդում է տվել: Ըստ այդ հաղորդման,  2012թ–ի սեպտեմբերի 25-ին ժամը 01:09-ի սահմաններում Երևանի Բեյրութի փողոցի մանկական զբոսայգու մոտ իրեն և ընկերներին ծեծի են ենթարկել մի խումբ անձինք, որի ընթացքում նրանցից մեկը՝ Վիգեն Այվազյանը, բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար գումար։

«Մաշային»  նույնպես  մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2012թ. սեպտեմբերի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել: Ըստ դրա,  2012թ. սեպտեմբերի 25-ին ժամը 01:09-ի սահմաններում Բեյրութի փողոցի մանկական զբոսայգու մոտ, իրեն և ևս  երեք հոգու՝  ներառյալ՝  «Սոնային»,  մոտեցել  է  «Օպել» մակնիշի մեքենա, որի մեջ գտնվող  5 երիտասարդներ սեոական բնույթի հայհոյանքներ են տվել իրենց հասցեին և նրանցից մեկը՝ Վիգեն Այվազյանը, մոտ կանչելով իր ընկերոջը՝  «Սոնային»,  քաշել է և բացահայտ հափշտակել նրա ձեռքի պայուսակը։

Ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքում, հայտարարեցին նաև, որ չեն ցանկանում հանդես գալ գործը արագացված դատաքննության կարգով քննելու միջնորդությամբ: Նշենք, որ այդ կարգով քննելու համար ամբաստանյալները պետք է ընդունեն մեղադրանքը և համաձայն լինեն դրա հիմքում ընկած ապացույցների հետ:

Ըստ դատարանի կողմից սահմանված ապացույցների հետազոտման կարգի,  նախ պետք է հարցաքննվեն վկաները, ապա՝ ամբաստանյալները, վերջում պետք է հետազոտվեն գործի գրավոր նյութերը:

Այսօր դատարանում ցուցմունքներ տվեցին վկաներ «Մելանն» ու «Վիկան»՝ տղամարդկային անուն-ազգանունները նորից չենք հրապարակում, ովքեր հաստատեցին  ամբաստանյալների կողմից  ոստիկանության բաժնում ներկայացված հաղորդման մեջ առկա պնդումները՝   «Օպել» մակնիշի վարորդն ու երեք ուղևորները  իրենց սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, վիրավորում, ծաղրում, նրանցից մեկը՝ նաև հարվածել է «Վիկային»: Նրանք մեքենայի մոտ են կանչել «Սոնային», նրա ձեռքից խլել  կլատչը, որում կային պահպանակներ, դիմահարդարման պարագաներ և 200 ԱՄՆ դոլար՝ դա  «Սոնայի» մեկանգամվա աշխատանքի վճարն էր: Պարունակությունը, ըստ «աղջիկների»,  մեքենայի երիտասարդները դատարկել են և կլատչը շպրտել մեքենայից դուրս:

Ըստ վկայի ցուցմունքի,  կլատչի պարունակությունը մեքենայի խուզարկությամբ չի հայտնաբերվել, իսկ երիտասարդների անձնական խուզարկություն չի կատարվել,  այսինքն՝ հնարավոր է  ձևական խուզարկություն է եղել: Տղաներից երեքը հետագայում եկել են ոստիկանության բաժին, իրենց հետ առերես հարցաքննության ժամանակ հարբած վիճակում են եղել:

Հուլիսի 22-ին դատարանում կհարցաքննվեն այսօր չներկայացած, դատակոչված ևս 4 վկաներ:

Ըստ «Փաստինֆոյի»՝ պաշտպանական կողմն այսօր միջնորդեց վկաների դատակոչի ցուցակում ընդգրկել նաև «Մագային» ու «Մադոննային», ովքեր, ըստ նրանց, նույնպես դեպքին ականատես են եղել: Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ դեպքին ականատես լինելու մասին ողջ նախաքննության ընթացքում որևէ տեղեկություն չի հայտնվել: Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննարկումը՝ դրան դատարանը կանդրադառնա դատաքննության ավարտական փուլում, եթե  պաշտպանական կողմը պնդի այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս