Վահագն Խաչատրյան. ՎՊ-ի մասին օրենքը պետք է լինի ավելի խիստ

Վերահսկիչ պալատի 2012 թ. տարեկան հաշվետվության մեջ ընդգրկված յուրացումները Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամների համոզմամբ, միակ յուրացումները, չեն երկրի պետական բյուջեից: ՀԱԿ տնտեսական հանձնաժողովն այս առնչությամբ շուտով հանդես կգա զեկույցով:

168.am-ի հետ զրույցում հանձնաժողովի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը նշեց, որ այս պահին իրենք ուսումնասիրում են ՀՀ հարկային դաշտը` հասկանալու, թե ի՞նչ հնարավորություններ է տալիս ՀՀ օրենսդրությունը հարկեր հավաքելու համար: «Սրա պատասխանը ստանալուց հետո մենք եզրակացություններ կանենք, թե ՀՀ բյուջեն ինչո՞ւ է այդքան փոքր: Քանի որ ՀՀ-ում համախառն ներքին արդյունքը շատ փոքր է` 20 տոկոսին մոտ, մենք ուզում ենք հասկանալ դա իրակա՞ն պատկերն է, թե՞ ոչ, սա պայմանավորված է հարկերի՞ ցածր լինելով, թե՞ վատ հարկահավաքությամբ: Արդյունքում մենք կեզրակացնենք` որքանո՞վ են Հայաստանում պետական միջոցներն արդյունավետ օգտագործվում»,- ասաց նա` ավելացնելով, որ հետազոտությունը բավական բարդ է ոչ միայն ծավալային, այլև` տվյալները հավաքագրելու ու դրանց հավաստիության աստիճանը ստուգելու առումներով:

«Այն, ինչ կատարվում է վիճակագրության թվերի հետ, այն մանիպուլյացիաները, որ կատարվում են այդ թվերի հետ, օբյեկտիվ պատկեր տալը բարդ է: Այս աշխատանքը Կառավարությունը պետք է աներ ու հանրությանը պարբերաբար ներկայացներ, բայց չի անում: Տարբեր երկրներում առանձին մարմիններ են գործում այս աշխատանքը կատարելու համար: Մեր տնտեսության մինիմում 40 տոկոսը ստվերային է, տարբեր գնահատականներով` մինչև 60-80 տոկոսը»:

Նա նշեց, որ դեռևս ուսումնասիրության արդյունքները հրապարակել չի կարող` աշխատանքն ընթացքի մեջ է, բայց շեշտեց, որ տվյալները կներկայացվեն հանրությանը` հենց լինեն վերջնական: Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր. «Բայց արդյո՞ք այդ գողացված գումարներն այդքանն են: Ոչ: Ի՞նչ կասեք այն գումարների մասին, որոնք պետական բյուջե չեն մտնում ու գողացվում են մինչ մտնելը: Դրանք այն գումարներն են, որոնցից երկրի ամենաբարձր պաշտոնյաներն ու իրենց հարազատներն են օգտվում: ՀԱԿ Տնտեսական հանձնաժողովը շուտով հանդես կգա լուրջ զեկույցով` սրա հետ կապված: Հայաստանի ժողովրդից տարեկան 3 մլրդ դրվում է ավազակապետերի փողերին: Սա այն գումարն է, որով ալտերնատիվ էներգետիկա կստեղծեինք: Տասը տարվա մեջ սա 30 մլրդ է: Դուք պատկերացնո՞ւմ եք` սա ի՛նչ գումար է»։ Նաև ավելացրել էր, որ այդ գումարներով կարելի էր իսկապես ապահով Հայաստան ստեղծել: Իսկ ինչ վերաբերում է ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվության մեջ ներառված յուրացումներից հետո ՎՊ օրենքում փոփոխություններ կատարելու մտադրությանը, Վահագն Խաչատրյանն ասաց, թե չգիտի` ի՞նչ նպատակներ է հետապնդում իշխանությունն` օրենքում փոփոխություններ կատարելով: Բայց ընդգծեց, որ ինքը կողմնակից է «խստացմանը». «Պետք է լինի ավելի կոնկրետ, բայց ավելի խիստ: Լիազորություններն էլ պետք է մեծանան, բայց չհասցնեն նրան, որ լիազորություններն օգտագործվեն այլ նպատակներով: Այնպես պետք է արվի, որ ՎՊ տեղեկություններից օգտվել կարողանան բոլորը: Իսկ եթե փորձեն օրենքը սահմանափակել, կնշանակի, որ պետական խնդիրը չի լուծվում»:

Տեսանյութեր

Լրահոս