Կարինե Դանիելյան. «Ինձ շատ զարմացրեց այն, որ ՎՊ-ում ամեն ինչ գիտեին, և տխրեցի, որ մարդիկ անզոր էին իրենց զգում»
Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության մեջ բավական մեծ հատված նվիրված էր բնապահպանական խնդիրներին ու բնապահպանության ոլորտին: ՎՊ հաշվետվության մեջ որպես խնդիր՝ մասնավորապես նշած էր, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում մինչ օրս չի լուծվել աղբի տեղադրման, վերամշակման և օգտահանման հիմնախնդիրը, չի ապահովվել թափոնների, այդ թվում՝ կենցաղային կոշտ թափոնների հաշվառումը կանոնակարգող օրենսդրության պահանջների կատարումը, աղբավայրեր օգտագործողների գործունեությունն իրականացվել է առանց լիցենզիայի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերի համայնքների մեծ մասում աղբի տեղադրումը շարունակում է իրականացվել ապօրինի՝ բնակավայրերին մերձակա և ճանապարհներին հարակից տարածքներում, Բնապահպանական պետական տեսչության կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել թափոնների գործածության համար սահմանված նորմերի, բնապահպանական վարչական վիճակագրություն վարելու և հաշվետվություններ ներկայացնելու կարգի պահպանման նկատմամբ, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցվում են ՀՀ գյուղական համայքների 46 տոկոսի համար, իսկ քաղաքային բնակավայրերում՝ բնակչության 90 տոկոսի համար: Զեկույցում նշված են նաև այլ խնդիրներ:
168.am-ը «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանից հետաքրքրվեց՝ արդյոք զեկույցում ներառվե՞լ են ոլորտում առկա բոլոր խնդիրները: Կարինե Դանիելյանն ասաց, որ զեկույցը պատրաստելուց առաջ Վերահսկիչ պալատը հանդիպել է հ/կ-ի հետ, քննարկումներ ունեցել: Բնապահպանության նախկին նախարարի խոսքով՝ երբ իրենք գնում էին քննարկման, մտածում էին, որ կբարձրաձայնեն բազմաթիվ խնդիրներ, սակայն ՎՊ-ն տեղյակ էր այդ ամենին. «Մեզ բան չմնաց ասելու, որովհետև, փաստորեն, Վերահսկիչ պալատն ամեն ինչ գիտեր: Մենք շատ փոքրիկ, կոսմետիկ բաներ ավելացրեցինք Պալատի՝ արդեն ունեցած նյութին»:
«Ճիշտ ասած՝ ինձ շատ զարմացրեց այն, որ իրենք ամեն ինչ գիտեին, ամեն ինչ, և շատ տխրեցի նրանից, որ մարդիկ իրենց անզոր էին զգում, որ ահա այս ամեն ինչը գիտենք, բայց փոխել չենք կարող»,- ասաց նա:
Անդրադառնալով դիտարկումներին, թե Վերահսկիչ պալատի զեկույցում բնապահպանական խնդիրները բավական շատ են, Կարինե Դանիելյանն ասաց. «Չի կարող պատահի, որ երկրում ամեն ինչ վատ լինի, մի ոլորտը լավ լինի, և՝ հակառակը: Չեն գործում օրենքները, մի խումբ մարդիկ, այսպես կոչված, օլիգարխներ, օրենքից բարձր են, և նաև իրենք են որոշում ընդունող մարդկանց շարքում: Եվ հասկանալի է, որ այդ պարագայում պետք է ոտնահարվի և՛ հասարակական կարծիքը, և՛ օրենքները, և՛ ենթաօրենսդրական ակտերը: Ընդհանուր իրավիճակը պետք է փոխվի, օրենքը բոլորի համար է»:
Հարցին՝ արդյոք խախտումների պատասխանատուները կպատժվե՞ն, Կարինե Դանիելյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ շատ լուրջ փուլ ենք մտել, որ այսպես հրապարակվեց այդ պալատի զեկույցը, և եթե առաջներում դա ավելի փակ էր մնում, հիմա լայն հասարակական հնչեղություն ունեցավ, և, իմ կարծիքով, այսպես ծածկադմփոցով չի ստացվի»: