Սուրիկ Խաչատրյանը ծխողներին է նախատում` մի ծխեք, ձեր առողջությունը պահեք, էդ ո՞նց եղավ, թմրանյութերի բիզնես է ղեկավարում
Գորիսի ալրաղացի տնօրեն Սպարտակ Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքել է լուրերը, թե իր եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները կտրուկ վատացել են:
«Մենք երեսուն տարվա ընկերներ ենք, մեր փոխհարաբերություններն այն մակարդակի վրա չեն, որ մեկս մյուսին ճնշենք: Ես տնտեսությամբ զբաղվող մարդ եմ, դաշտ ցանող տղա եմ, ովքեր իրենց բան ու գործը թողած սրա նրա մասին զրպարտանքներով են խոսում, թող իրենց անունը գրեն: Տան խնդիր չունեմ, ես տուն էլ ունեմ, տեղ էլ ունեմ: Ամեն ինչ էլ ունեմ, ինձ ոչ մեկի տունը պետք չէ: Ոչ էլ Գորիսի իր առանձնատունը գնելու առաջարկություն են ինձ արել: Համոզված եմ, որ Սուրիկ Խաչատրյանը ոչ էլ մտադիր է իր տունը վաճառել: Դեռ շարժումը չսկսած` այդ մարդու հետ ընտանիքներով ընկերություն ենք սկսել: Այդ ընկերությունը բարձր մակարդակի վրա է եւ այդպես էլ կշարունակվի: Իմ հարաբերությունները նրա հետ արտակարգ մակարդակի վրա են, հարգանքից բացի, մեր մեջ ուրիշ ոչինչ չկա»,- ասել է պարոն Հակոբյանը` հերքելով նաեւ լուրերը, թե Սուրիկ Խաչատրյանն իրենց ստիպում է գնել Գորիսի իր առանձնատունը:
Անդրադառնալով տեսակետներին, թե Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելով` ՀՀԿ-ն մարզում քրեաօլիգարխիկ համակարգը փոխարինել է փողկապավոր օլիգարխիայով, պարոն Հակոբյանն ասել է. «Էդ որտե՞ղ է, որ մասսան տարբեր շերտերից բաղկացած չէ, ո՞ր երկրում է: Գորիսը բացառություն չէ, բայց վերցնել՝ Գորիսը դարձնել Լաս Վեգաս, թմրանյութերի շրջանառություն, Կոլումբիա եւ այլն, սիրուն չէ»:
Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին կապում են թմրանյութերի բիզնեսի հետ, հավաստի՞ են այդ տեղեկությունները, պարոն Հակոբյանը պատասխանել է. «Համոզված եմ, որ դա հերթական բամբասանքն ու սուտն է` ստեղծված իրավիճակից օգտվելով: Էդ մարդու հետ մենակ ե՞ս եմ շփվել: Եթե դա որեւէ մեկին ձեռնտու է, համոզված եմ, որ Սուրիկ Խաչատրյանին ճանաչողները ծիծաղում են նման նյութեր կարդալիս: Նա ծխողներին է նախատում` մի ծխեք, ձեր առողջությունը պահեք, էդ ո՞նց եղավ, թմրանյութերի բիզնես է ղեկավարում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.