
«Սահակ Պարթև-Պապյան» ՍՊԸ տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի ԱԱՀ-ն վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ

Պետեկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «Սահակ Պարթև-Պապյան» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն և այլ առևտրային կազմակերպություններում բաժնեմաս ունեցող ձեռնարկատեր Հայկ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ԱԱՀ-ն վճարելուց չարամտորեն խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրանքի, նա «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետի համաձայն, համարվելով ԱԱՀ վճարող, իր կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ 2009թ. 2-րդ, 3-րդ, 4-րդ, 2010թ. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 2011թ. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 2012թ. 1-ին եռամսյակներում ՊԵԿ Կենտրոնի ՀՏ ԱԱՀ-ի հաշվարկներ չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է խոշոր չափերի՝ 13.259.316 դրամ ԱԱՀ-ն վճարելուց։
Հայկ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի առաջին մասով՝ Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործն ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթ: