Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է Ասոցացման համաձայնագրի և, մասնավորապես, ԵՄ-ՀՀ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ տարվող բանակցություներում արձանագրված շոշափելի առաջընթացը:
ԵՄ հանձնակատարը, համաձայնելով ՀՀ վարչապետի հետ, նշել է. «Հետադարձ հայացք նետելով՝ կարելի է ասել, որ մենք բավական մեծ ճանապարհ ենք միասին անցել»: Որպես հարաբերությունների զարգացման կարևոր հանգրվան նա հիշատակել է 2013 թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը: Այն, ըստ պարոն Ֆյուլեի, թույլ կտա որակական նոր մակարդակի բարձրացնել Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ հարաբերությունները:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումների համար ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը և կարևորել վերջինիս շարունակականությունը: Այս համատեքստում նշվել է, որ ԵՄ օժանդակությունը հնարավորություն է տալիս բարձրացնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և լրացնել մեզանում առկա կարողությունների բացը: Պարոն Ֆյուլեն հավաստիացրել է, որ ԵՄ շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Նա, մասնավորապես, հիշատակել է հավելյալ միջոցներ տրամադրելու հնարավորությունը՝ հաշվի առնելով Հայաստանի արձանագրած առաջընթացի բարձր ցուցանիշը: