Գագիկ Բեգլարյան. Բարեգործություն ենք անում հնամաշ, վատ մեքենաներով, անունը դրել ենք՝ բարեգործություն

Երևան-Աբովյան երթուղում աշխատող N 259 ավտոբուսները կփոխարինվեն նոր` Չինաստանից ներկրված թվով 19 ավտոբուսներով: Քիչ առաջ ավտոբուսները ներկայացվեցին Հանրապետության հրապարակում, որոնց ծանոթացավ նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Ի դեպ, ավտոբուսների հետ  ներկրվել է նաև 4 միջպետական երթուղի սպասարկող մեքենա` «Քինգ Դելյուքս» ուղևորափոխադրող ընկերության նախաձեռնությամբ:

Բայց քանի որ ավտոբուսների հետ զուգահեռ՝ շարունակելու է գործել նաև բարեգործական երթուղին, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է լուծվելու այս հարցը: «Մենք հիմա այս մեքենաների օրինակով, կային մարդիկ, ասում էին, թե հին մեքենաներով են երթևեկում, իսկ դրանցով երթևեկել անհնարին է, որդեգրել ենք քաղաքականություն` հօգուտ ժողովրդի: Ով կբերի այս կարգի մեքենաներ, որ ուղին կցանկանա, կարող է դնել ու հաղթել: Չեն լինելու հավերժական սեփականատերեր: Սա անդրադառնալու է նաև բարեգործությանը:

Եթե անում ենք բարեգործություն, պետք է մեքենաները լինեն հարյուր տոկոս լավ մեքենաներ: Բարեգործություն ենք անում հնամաշ, վատ մեքենաներով, անունը դրել ենք՝ բարեգործություն, բայց, Աստված մի արասցե, մի բան լինի էդ բարեգործությանը ծառայած մեքենաներին… Եթե կլինեն այս կարգի մեքենաներ` կարող եք բարեգործություն անել, իսկ եթե ոչ` վճարեք ուղիները սպասարկող մարդկանց, թող անեն բարեգործություն»,- պատասխանեց Գագիկ Բեգլարյանը:

P168.am-ը ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանից էլ հետաքրքրվեց, թե նոր ավտոբուսները նույն գծում շահագործելու իմաստը ո՞րն է, եթե դրանք բարվոք են ու բավական լավ են աշխատում: Ի պատասխան՝ նա ասաց, որ սա ավելի հարմարավետ կդարձնի բնակիչների ուղևորափոխադրումը: «Ավտոբուսները փոխեցինք, որովհետև ուզում ենք ավելի լավ սպասարկում ապահովել»,- նշեց նա` ապա ավելացրեց, որ դրանց ձեռքբերման համար շուրջ 2,5 մլն դոլար է ծախսվել, իսկ գործարքներն էլ չինական բանկի միջոցով են կատարվել, որոնք, սեփականատիրոջ խոսքով, լավ պայմաններ են առաջարկել:

Արդյոք կառավարությունը նպաստե՞լ է Չինաստանի հետ համագործակցությանը. Ա. Հարությունյանն ասաց, թե կառավարությունը նպաստում է ցանկացած լավ նախաձեռնության` «Կառավարությունը բոլոր լավ գործերին միշտ էլ նպաստել է, իսկ սա լավ գործ է»։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև առկա հակասություններին, ապա նա շեշտեց, որ «բոլորի հետ լավ է»: «Մենք մեր գործն ենք անում, խնդրի հետևից չենք վազում: Ով խնդիր ունի, խնդրում եմ, իրեն հարցերը տվեք: Իմ հարաբերությունները բոլորի հետ լավ են,  բոլորի… խնդիրներ եղել են, հարթվել են, կոպիտ էլ արտահայտվել եմ, բայց հիմա լավ է ամեն ինչ. Կարո՞ղ է հրաժարվում եմ»:

Հարցին, թե անվճար երթուղիները ձեր աշխատանքին չե՞ն վնասում, նա պատասխանեց. «Եթե մի բիզնես մարդ բացում ա, վրեն անվճար բան են դնում` խփո՞ւմ ա, թե՞ չի խփում»: Իսկ հարցին, թե այս նոր ավտոբուսները կօգնե՞ն բիզնեսին, Ա. Հարությունյանը պատասխանեց, թե դրանք մարդկանց են օգնում, ապա հավելեց. «Ընդհանրապես բառերը ճիշտ օգտագործեք` դա բարեգործություն չի` չարագործություն ա` փակենք էս թեման»:

Տեսանյութեր

Լրահոս