«Ռուսաստանը շոյում է մեր հարևանի սեխանման գլուխն ու նրբորեն ժպտում մեր դարավոր թշնամուն»

Ստորագրե՞լ ԵՄ Ասոցացման պայմանագիրը, թե՞ Եվրասիական միությանը հարել: Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում փորձել է պատասխանել այս հարցին:

«Ռուսաստանը շոյում է մեր հարևանի սեխանման գլուխն ու նրբորեն ժպտում մեր դարավոր թշնամուն

Կարծես թե ճակատագրի բերումով կրկին կանգնած ենք լուրջ երկընտրանքի առաջ…Հայաստանը դարեր շարունակ պետք է ընտրություն կատարեր` Ասորեստա՞ն, թե՞ Հունաստան, Պարսկաստա՞ն, թե՞ Բյուզանդիա, Ռուսաստա՞ն, թե՞ … Հիմա էլ հերթական դիլեման, հերթական թնջուկը` ստորագրե՞լ ԵՄ Ասոցացման պայմանագիրը, թե՞ Եվրասիական միությանը հարել…

Ճնշումը շատ ակնհայտ է ու կոշտ, ոչ եղբայրական, ոչ ռազմավարական դաշնակցին հարիր: Կամ-կամ` պետք է ընտրել, պետք է որոշում կայացնել, իսկ դա այնքան էլ հեշտ չէ: Ռուսաստանը կարծես շատ ուժեղ, շատ սառնասրտորեն, պատմականորեն հերթական անգամ հարվածում է Հայաստանին` գոտկատեղից ներքև և շոյում մեր հարևանի սեխանման գլուխն ու նրբորեն ժպտում դարավոր թշնամուն: Պարզորոշ և հստակ նախկին դեսպանի շուրթերով սպառնում` թե ձեր Եվրամիությունը ոչ մի իրական օգնություն ցույց չի տա, այլընտրանք չունեք, եվրոպական արժեքներ կուտակելով Հայաստանը կարող է սահող ճանապարհի վրա հայտնվել: Նա նույնիսկ ավելացնում է. «Դեռ հնում էին ասում` դեպի դժոխք ճանապարհը հարթեցվում է բարի նպատակներով»:

Վերջին մտքի հետ համաձայն եմ: Դարեր շարունակ բռնելով Ռուսաստանի երկար պոչը, հավատալով նրանց «բարեկամությանն ու բարի նպատակներին», խոստումներին, գրեթե կորցրել ենք մեր ինքնուրույնությունը, կանգնել կոտրած տաշտակի առաջ, դարձել խաղալիք, մշտապես կուլ գնացել «եղբայրական» պետության կայսերապաշտ քաղաքականությանը: Այո, ճիշտ է դեսպանը` իրենց կողմից հարթեցված ճանապարհով սահում ենք դեպի անորոշություն…

Շատ բարդ իրավիճակ է: Գազի թանկացում, թանկացման շղթայական ռեակցիա, ծանր ձմեռ, թեժ աշուն, սպասվելիք քաղաքական խմորումներ, սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, ճգնաժամ, աշխարհա-քաղաքական մարտահրավերներ…Այս գորդյան հանգույցը կտրելու համար կամք է պետք, հնարավորություն, քաջություն և թրի փոխարեն դիվանագիտական հմուտ քայլեր:
Չգիտեմ, զգացողություն ունեմ, որ մեր երկիրը հիմա լարախաղացի նման պետք է անցնի շատ վտանգավոր և շատ խորը կիրճի, անդունդի վրայով…Կկարողանանք արդյոք?, կկարողանանք լինել միասնական, միակամ, համառ` բայց խելացի…

Դժվար է, շատ է դժվար, նաև վտանգավոր…Սակայն ոչինչ չենք կարող անել, եթե չսկսենք շատ արագ կարգավորել մեր տնտեսությունը, վերացնել արատավոր երևույթները, մոբիլիզացնել բոլոր ուժերը` Սփյուռք, Հայաստան, Արցախ, անել ամեն ինչ դիմակայելու այս փորձությանը: Պետք է թալանչիների «ձեռքը կտրել», վերականգնել սփյուռքահայերի վստահությունը հայաստանաբնակ չինովնիկների նկատմամաբ, Հայաստանի, նրա իշխանությունների նկատմամբ և ազգովին, միասնական լուծել բոլոր խնդիրները…

Այլ ճանապարհ չունենք…Նաև ժամանակ չունենք…»,- գրել է Ռոբերտ Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս