Գյուղում չեն հավատում զինծառայողի ինքնասպանությանը. մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Շաղատ գյուղում երեկ տեղի է ունեցել 19-ամյա զինծառայող Գաբրիել Լալազարյանի հուղարկավորության արարողությունը: Ըստ պաշտոնական վարկածի՝ հուլիսի 5-ին, ժամը 22:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր.-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Սակայն, ինչպես «Ժամանակին» տեղեկացրեց Շաղատի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Հովհաննես Արզումանյանը, գյուղում որևէ մեկը չի հավատում ինքնասպանության վարկածին: «Ինչպե՞ս պետք է սավանով ինքն իրեն կախի, սավանով փաթաթեն մի տասը սանտիմետր տրամագծով, այսինքն՝ մի չորս դյույմի հաստություն է դառնում, ինչպե՞ս է սա հնարավոր»,- ասաց նա»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: