Մի բարի լուր նախագահականից. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած համայնքներին օգնելու նպատակով ստեղծված «Բնական աղետից տուժածների հիմնադրամին» փոխանցել է 80 մլն դրամ (200 հազար ԱՄՆ դոլարից քիչ պակաս):
Հիմնադրամի նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը «Ժողովուրդին» տեղեկացրեց, որ փոխանցումը կատարվել է ՀՀ նախագահի հիմնադրամից: Թե ինչ հիմնադրամի մասին է խոսքը կամ որտեղից Սերժ Սարգսյանին այդքան գումար, եթե նրա ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը 400 հազար դրամ (մոտ 1000 ԱՄՆ դոլար), մեզ չհաջողվեց ճշտել:
Բայց, անկախ այդ ամենից, ողջունելի է, որ կարկտահարությունից տուժած գյուղացիներին փոխանցված ամենամեծ օգնությունը հենց Սերժ Սարգսյանն է ցուցաբերել՝ ընդ որում, առանձնապես չգովազդելով իր այդ քայլը: Տեղեկացնենք, որ այդ հիմնադրամի հավաքած ընդհանուր գումարը կազմում է 228 մլն դրամ»: