Տարեկան 1.5 միլիարդ դրամ՝ ավանդների փոխհատուցման համար
2013թ. աշնանն ավարտվելու է 2006թ. հունվարի 1-ից անապահով ընտանիքներում հաշվառված ավանդատուների ավանդների փոխհատուցումը, ինչից հետո նախատեսվում է իրականացնել արդյունքների ամփոփում: Մինչև 2014 թվականը սահմանվելու են ավանդների փոխհատուցման առաջնահերթությունների նոր չափորոշիչները:
ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանն առաջարկում են օրենսդրական կարգով լրացուցիչ առաջնահերթություն սահմանել Արցախյան պատերազմի մասնակիցների՝ ազատամարտիկների համար, ինչպես 2010 թվականին դա իրականացվեց Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցների նկատմամբ: Ըստ օրինագծի հեղինակների՝ դրա ընդունումը հնարավորություն կտա ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, առաջնահերթության կարգով ստանալ ավանդների փոխհատուցումը:
Սակայն այս նախաձեռնության անհրաժեշտությունը չկա: Այս տարի մայիսին Ազգային ժողովի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է իրականացնել ԽՍՀՄ խնայբանկում մինչև 1993թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակական ծրագրեր: ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով արդեն սահմանվել է, որ 2014-2016թթ. պետական բյուջեներից այդ նպատակով կհատկացվի ըստ տարիների 1.5-ական մլրդ դրամ: Իսկ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսվելիք ֆինանսական միջոցների շրջանակներում, հաշվի առնելով նաև նախորդ ծրագրի արդյունքները, կառաջարկվի նոր ծրագիր: