Պարույր Հայրիկյանն իր գործով ամբաստանյալներից մոտ 40 մլն դրամ է պահանջում
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունավում է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում դատավոր Գագիկ Պողոսյանն ասաց, որ տուժող Պարույր Հայրիկյանի ու նրա ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի կողմից դատարան է ներկայացվել քաղաքացիական հայց՝ գումարի բռնագանձման մասին: Դատավոր Գագիկ Պողոսյանը հայցադիմումը ընդունեց վարույթ, գործով երեք ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանը, Սամվել Հարությունյանը, Վարդան Սեդրակյանը ճանաչվեցին քաղաքացիական պատասխանողներ: 168.am-ը Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ որքան գումար է պահանջել վերջինս ամբաստանյալներից: Նա ասաց, որ Հայրիկյանը ամբաստանյալներից պահանջել է մոտ 40 մլն դրամի չափով գումար: 168.am-ի հետ զրույցում Լ. Բաղդասարյանը նշեց, որ գումարի չափը պայմանավորված է ապացույցներով, բժշկական տեղեկանքներով:
Նիստի ընթացքում դատավորության կողմերը կարծիքներ հայտնեցին նախորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի հարուցած մի խումբ միջնորդությունների վերաբերյալ:
Դատարանը մերժեց պաշտպան Լ. Ավետիսյանի՝ քննչական փորձարարություն իրականացնելու մասին միջնորդությունը: Միջնորդության մերժումը հարուցեց գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի դժգոհությունը: Նա դատավոր Գագիկ Պողոսյանին բողոքեց. «Չեք լսում մեզ, լսում եք իրենց» (ամբաստանյալը նկատի ուներ այն հանգամանքը, որ քննչական փորձարարություն անցկացնելու միջնորդության մասին կարծիք հայտնեցին գործով մեղադրող Արամ Ամիրզադյանն ու տուժող Պ. Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը): Խաչատուր Պողոսյանը նշեց, որ անհրաժեշտ է կատարել քննչական փորձարարություն. «Գնանք տեղը ցույց տանք ոնց ա եղել, որ ճիշտը չեն ասում»:
Դատարանում քննարկվեց նաև պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը իր պաշտպանյալ Խաչատուր Պողոսյանի ավտոմեքենան ապրանքագիտական փորձաքննության ենթարկելու մասին: Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ միջնորդության մասին վճիռ կայացնելու: