27-ամյա աղջիկը մեղադրվում է պարտքերը ստանալու համար ընկերուհու աղջկան առևանգելու մեջ
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ շարունակվում է Քրիստինե Գալստյանի գործով դատաքննությունը: Ըստ datalex տեղեկատվական համակարգի՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 27-ամյա Քրիստինե Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերուհուց` Հրազդան քաղաքի բնակիչ Սահականուշ Հարությունի Կարապետյանից, նախկինում կուտակած պարտքերը ստանալու նպատակով այս տարվա մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 104 շենքի մոտից բացահայտ առևանգել է վերջինիս դստերը՝ 9 տարեկան Թագուհի Խաչատրյանին: Նրան տարել, պահել է իր` Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 57 շենքի 31 բնակարանում, որտեղից էլ վերջինիս հայտնաբերել են Ոստիկանության աշխատակիցները:
Քրիստինե Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նրա շահերը դատարանում պաշտպանում է Անուշ Մխիթարյանը: Մեղադրանքը դատարանում պաշտպանում է Գոռ Խանզադյանը: Գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 24-ին: