Ներդրումների մեծ հոսք չի կանխատեսվում
Այս տարի ՀՀ կառավարությունը կանխատեսում է կապիտալ ներդրումների 12.6 % աճ` պայմանավորված պետական ներդրումների 59 % աճով: 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով կանխատեսվում է, որ միջնաժամկետում ներդրումները կդրսևորեն աճի միտում` միջինում 4.4 %-ի չափով, որը հիմնականում կպայմանավորվի արտադրողական բնույթի ներդրումներով, հիմքեր ստեղծելով ապագա կայուն աճի համար:
Անցած տարվա համեմատ՝ այս տարի կանխատեսվում է ներդրումներ/ՀՆԱ մակարդակի 0.3%-ով ավելացում, որը կկազմի 24.1%, իսկ հաջորդ տարիներին այդ ցուցանիշը կնվազի՝ 2014-ին կազմելով 22.6%, 2015-ին՝ 22.3%, 2016-ին՝ 22.4%:
Առաջիկա 3 տարիների ծրագրում կառավարության ներկայացուցիչներն օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա այնքան էլ հույս չեն դնում և ամբողջ ծրագրում այդ արտահայտությունը հիշատակվել է միայն 2 անգամ՝ որպես նպատակ օտարերկրյա ներդրումների ներգրավումը և որպես արդեն փաստ՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումների հետ: Ըստ ամենայնի՝ փաստաթղթի հեղինակները չեն անտեսել այն հանգամանքը, որ անցած տարի և այս տարի օտարերկրյա ներդրումները զգալի նվազել են (շուրջ 50%), և հակառակի համար առայժմ հույսեր չկան: