Բաժիններ՝

«Թեղուտ» ՓԲԸ. Խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, և ընկերությանը պատճառվել է զգալի նյութական վնաս

Ըստ hetq.am-ի՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Այսօր՝ 2013 թ. հուլիսի 5-ի վաղ առավոտյան, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների մի խումբ բնակիչներ և ՀՀ այլ համայնքներից ժամանած քաղաքացիական ակտիվիստներ խմբվել էին ընկերության կառուցվող լեռնահանքային համալիր տանող ճանապարհի մի հատվածում՝ արգելափակելով ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների ընթացքը դեպի իրենց աշխատանքի վայրեր: Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարությունն իրականացվում է անընդմեջ տեխնոլոգիաներով՝ առանց դադարների:

Իրավիճակի սրացում թույլ չտալու նպատակով մարդկանց խմբման վայր էին ժամանել նաև ՀՀ Լոռու մարզպետը, ոստիկանության մարզային վարչության պետը, «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձիք: Հավաքված բազմության հետ բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարդկանց խմբման պատճառն ընկերության գործունեության տարածքներ մուտքի կանոնակարգման նպատակով դարպասների տեղադրումը և նախատեսվող կանոնակարգի էության թյուրընկալումն է:

Հավաքված մարդկանց խմբին պարզաբանումներ տալուց հետո «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության տարածք մուտքի նախատեսվող կանոնակարգումն ընդունելի համարվեց հարակից համայնքների ներկայացուցիչների կողմից, և կեսօրին մոտ ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների տեղաշարժը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու համաձայնություն ձեռք բերվեց:

Ցավոք՝ ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների տեղաշարժը խոչընդոտելու ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, և ընկերությանը պատճառվել է զգալի նյութական վնաս»:

hetq.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս