Իշխան Զաքարյանը չի գնում, այլ անցնում է 2013թ. բյուջեի ստուգումներին
Թեև ՎՊ-ից պարբերաբար հերքում են Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին լուրերը, բայցևայնպես, քաղաքական և լրատվական շրջանակներում շարունակում են համառորեն տարածվել ՎՊ նախագահի մոտալուտ հրաժարականի մասին տարաբնույթ վարկածներ:
ՎՊ մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ դրանք անհիմն են և ՎՊ-ի աշխատակազմն ու նախագահը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը:
«Չգիտեմ՝ ով է նման լուրեր տարածում, բայց այս պահին Իշխան Զաքարյանը սկսել է 2013 թ. բյուջեի ծախսային մասի ստուգումների վերաբերյալ ՎՊ վարչությունների հետ նախնական արդյունքների քննարկումը»,- ասել է Աննա Վարդանյանը:
ՎՊ-ի մամուլի քարտուղարը նաև հավելեց, որ արդեն հաջորդ աշխատանքային օրը` հուլիսի 9-ին, ՎՊ նախագահի մոտ 2013 թ. բյուջեի վերաբերյալ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է նշանակված:
Նշենք, որ Վերահսկիչ պալատի մասին օրենքով և Սահմանադրությամբ արձանագրված է, որ հրաժարականի դեպքում Վերահuկիչ պալատի նախագահը այդ մաuին դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին` նախապեu տեղեկացնելով ՀՀ Նախագահին: ՎՊ նախագահի հրաժարականի հարցը ներկայացվում է ԱԺ-ի նիստում:
Նույն օրենքով ՎՊ-ի նախագահը նշանկվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի կողմից` 6 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Ի.Զաքարյանն այդ պաշտոնում նշանակվել է 2007թ. և նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարի նոյեմբերի 5-ին: Սակայն օրենքը թույլ է տալիս այդ պաշտոնում վերանշանակվել ևս մեկ անգամ: