Բաժիններ՝

Դպրոցի նախկին տնօրեն. Աշխատանքից ազատել են ընտրությունների ժամանակ վատ աշխատելու պատճառով

«Խնդրում եմ  իշխանություններին, պետական կառույցներին չկպնել և իմ ասածները թող որևէ քաղաքական կուսակցություն չօգտագործի դիվիդենտներ շահելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ «Փաստինֆոյի»՝ ասել է  ՀՀԿ-ական, Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանը:

Վերջինս աշխատանքից ազատվել է սույն թվականի հուլիսի 24-ին, իսկ մինչև այդ՝ շուրջ 9 տարի, աշխատել է  որպես դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ նրա, պաշտոնակատար է նշանակվել 2004թ. և անցած տարիների ընթացքում կարողացել է ավերակ դպրոցը վերանորոգել՝ բերելով նորմալ վիճակի։

«Դպրոցի տնօրեն ընտրելու համար բազմաթիվ անգամ  խորհրդի նիստ է հրավիրվել, բայց ոչ մի անգամ այդ նիստերը այդպես էլ չեն կայացել»,- նշել է նախկին տնօրենը՝ տեղեկացնելով,որ խորհրդի նիստերի նախագահը եղել է գյուղապետը, ով, ըստ Գնել Ռոստոմյանի,տկարամիտ մի անձնավորություն է,ով համագործակցում է մարզպետի հետ:

Ներկայացնելով աշխատանքից իրեն ազատելու պատճառները՝ նա նշել է, թե մարզպետը և գյուղապետը կարծում  են, որ ինքը վատ է աշխատել նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ և հայտարարեց, որ ՀՀԿ-ական է, հավատարիմ իր կուսակցությանը և չէր կարող  վատ աշխատել:

Դպրոցի ներկայիս տնօրեն Սուսաննա Նազարյանը ևս ժամանակավոր պաշտոնակատար է։ Չնայած աշխատանքից ազատելու որոշման հետ համամիտ չլինելուն, այդուհանդերձ, Գ.Ռոստոմյանը հայտարարեց, որ չի պատրաստվում  դատի տալ, քանի որ «մարզպետի և գյուղապետի ձեռքը բավականին երկար է, և չի բացառվում, որ իրեն մի շարք խնդիրների առաջ կանգնեցնեն»:

Դիմելով Նախագահին՝ նախկին տնօրենը  խնդրում է իրեն մի փոքր անկյուն տրամադրել՝ Արմավիրի  մարզից և այդ միջավայրից հեռանալու համար։ «Հայրենիքն իմն է, բայց երկիրը՝ ոչ»,- վրդովված ասել է Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրենը:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս