«Գայիշնիկի» համազգեստը պատռելու, նրան հայհոյելու և հարվածելու համար՝ մեկուկես տարի ազատազրկում
tesankyun.am-ը՝ հղում անելով «Դատալեքս» տեղեկատվական կայքին, գրում է, որ Ալավերդի քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Աշոտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել հետեւյալ արարքի համար: 2013թ. փետրվարի 11-ին, ժամը 19-ի սահմաններում ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Սեյրան Ռամազյանը, նույն դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վարուժան Նիկողոսյանի հետ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար մոտեցել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որից հետո Սեյրան Ռամազյանը վարորդի նստատեղին նստած Աշոտ Գրիգորյանից պահանջել է ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի միջնամասից եւ ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը:
Աշոտ Գրիգորյանը գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում՝ դժգոհել է փաստաթղթեր ներկայացնելու եւ ավտոմեքենան չթույլատրված վայրից տեղափոխելու պահանջից, դուրս է եկել ավտոմեքենայից, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ,քաշքշել, պատռել է Ս. Ռամազյանի ծառայողական համազգեստը, ապա հարվածել եւ վերջինիս առողջությանը պատճառել է թեթեւ վնաս:
Ա. Գրիգորյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով(«Իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հետ»): Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սեյրան Ռամազյանի մարմնական վնասվածքները՝ ձախից ստորին շրթունքի ենթամաշկային արյունակուտակը, արյունազեղումը, քերվածքները, աջից պարանոցի քերծվածքը հասցվել են բութ, կոշտ առարկայով, դրանք առաջացրել են թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:
Հունիսի 25-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը վճռել է Աշոտ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով(« Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հետ») եւ նրան դատապարտել մեկ տարի եւ 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանը որպես նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել նախկինում չդատված չլինելը, խնամքին անչափահաս երկու երեխա ունենալը, որոնցից մեկը՝ առողջական խնդիրներով: Որպես ծանրացնող հանգամանք դատարանը հաշվի է առել, որ Ա. Գրիգորյանը հանցավոր արարքը կատարել է ալկոհոլային հարբածության վիճակում: