Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամը երկրի խորհրդարանի անունից ափսոսանք հայտնեց երեկվա միջադեպի կապակցությամբ (տեսանյութ)
«Երեկվա խորհրդաժողովում պատահած միջադեպի կապակցությամբ ուզում եմ նշել, որ տեղի է ունեցել չափազանց տհաճ երևույթ»,- այսօր Երևանի Անի հյուրանոցում մի խումբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպանը` անդրադառնալով երեկ ՀՀ Ազգային ժողովում մոլդովացի փաստաբանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Ազգային ժողովում` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, իր աշխատանքն ավարտեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորիշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով անցկացված համաեվրոպական խորհրդաժողովը, որի խաղաղ ընթացքն ընդհատվեց Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի զեկույցով: Վերջինս ներկայացավ որպես Մոլդովայի Մարդու իրավունքների պաշտպան` իր ելույթի մեծ մասը ներկաներից շատերի համար անսպասելիորեն նվիրելով ղարաբաղյան հակամարտությանը և հանդես գալով բավական հակահայկական հայտարարություններով:
Այսօր Մոլդովայի խորհրդարանի նախկին պատգամավոր Վ. Պոպանը հայ լրագրողների հետ զրույցում Աուրելիա Գրիգորիուի ելույթի վերաբերյալ ընդգծեց, որ դրա համար սխալ վայր էր ընտրվել և սխալ մարդիկ, ում առջև կարելի էր այդ հարցով ելույթ ունենալ:
«Խորհրդաժողովն ունի իր կանոնները, և մենք օգտվեցինք այդ կանոններից: Երբ մեկը խոսում է իր անունից, նա ներկայանում է և նշում, որ դա իր անձնական կարծիքն է: Ես խորհրդաժողովում խոսել եմ Մոլդովայի ՍԴ-ի անունից, որովհետև կիսվել եմ իմ փորձով…Ինչ վերաբերում է Մոլդովայի Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մասին, ես չգիտեմ, թե ով է նրան լիազորել և ինչպես: Ըստ երևույթին դա նրա անձնական կարծիքն է, քանի որ դա չի կարող լինել խորհրդարանի կամ ինչ-որ կազմակերպության դիրքորոշումը»,- ասաց Վիկտոր Պոպանը:
«Որպես Մոլդովայի խորհրդարանի նախկին պատգամավոր և պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ` ես երեկ խոսել եմ մեր խորհրդարանի ղեկավարության հետ և լիազորված եմ հայտարարելու, որ մենք ցավում ենք այն միջադեպի համար, որը տեղի ունեցավ, և մեր ղեկավարությունը խոստանում է, որ այդ միջադեպը Մոլդովայում կդառնա քննության առարկա, թե ինչպես է այն պատահել, ում լիազորություններով: Այսինքն` կարծում եմ, որ այդ հարցով կստեղծվի հանձնաժողով և կլինի պաշտոնական հայտարարություն այդ կապակցությամբ»,- նշեց Վիկտոր Պոպանը: