
Հաջորդ շաբաթվանից սկսած կյանքը Հայաստանում զգալիորեն կթանկանա. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի օրվանից սկսած Հայաստանցիներն իրենց սպառած յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց կվճարեն 156 դրամ, ներկայիս 132 դրամի փոխարեն, իսկ յուրաքանչյուր կիլովատ ժամ էլէներգիայի դիմաց` 38 դրամ, ներկայիս 30-ի փոխարեն: Ինչպես սա կազդի մեր կենցաղի վրա, այնքան էլ դժվար չէ հաշվարկել: Գազի և էլէներգիայի դիմաց մեր վճարումները կմեծանան ընդհանուր առմամբ 21-22 տոկոսով: Բայց սրանով հարցը չի փակվում: Սպասվում է, որ երկուշաբթի օրվանից կթանկանան գազով աշխատող երթուղայինները: Գազի, էլէներգիայի և տրանսպորտի թանկացումը կբերի նաև այլ ապրանքների և ծառայությունների թանկացմանը: Մի խոսքով, հաջորդ շաբաթվանից սկսած կյանքը Հայաստանում զգալիորեն կթանկանա:
Ընդ որում, եթե ամառվա ամիսներին այդ թանկացումն ավելի նվազ չափով կզգացվի, ապա աշնանից հայաստանցիների ծախսերի ավելացումն արդեն, մեղմ ասած, նկատելի կդառնա: Տնտեսական առկա և տեսանելի ապագայում սպասվող վիճակն այնպիսին է, որ ծախսերի ավելացմանը զուգահեռ եկամուտների էական աճ Հայաստանում չի սպասվում: Ընդհակառակը, ամեն ինչ խոսում է այն մասին, որ վիճակը էլ ավելի է վատանալու` պայմանավորված արտագաղթով և բնակչության գնողունակության նվազմամբ:
Ստեղծված իրավիճակը ուղիղ կապ ունի մեկ այլ գործընթացի հետ, որը մենք մեր կենցաղում գոնե առայժմ չենք զգա: Խոսքը մեր երկրի անկախության կորստի վերահաս վտանգի մասին է, որի առաջ կանգնած ենք այսօր»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: