Էս քաղաքում ուրիշ ասող կա՞. մամուլ
«Հուլիսի 1-ից Էջմիածին-Երևան-Էջմիածին երթուղին սպասարկող տաքսիներն ուղեվարձը 100 դրամով թանկացրել են: Նախկին 300-ի փոխարեն հիմա ուղևորներից գանձում են 400 դրամ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու շարունակում.
«Հարցին, թե ինչու եք ուղեվարձը թանկացրել, երբ դեռ գազի ու էլեկտրաէներգիայի գինն անփոփոխ է, վարորդներից մեկն ասաց` մեզ ոնց ասում են, տենց էլ անում ենք: Հաջորդ հարցին, թե ասողն ով է, տաքսիստը ձեռքը թափ տալով հեռացավ:
Մինչ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունից Panorama.am-ին փոխանցում են, թե հուլիսի 7-ից որևէ ընկերություն չի կարող փոխադրավարձն ինքնակամ բարձրացնել, Էջմիածին-Երևան գիծը սպասարկող տաքսու գոյություն չունեցող պարկի թաքնված տերերն օր առաջ հարստանալ են ուզում: Նույն գիծն սպասարկող միկրոավտոբուսների ուղեվարձը, բարեբախտաբար, մնացել է անփոփոխ` 250 դրամ:
Հիշեցնենք, որ գծի տերը ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հրանտ Գրիգորյանն է: Մինչ Գրիգորյան ընտանիքի պառակտումը, նրան էին մուծվում նաև երթուղին անլեգալ սպասարկող տաքսիստները: Իսկ Հրանտին «գծերից քցելուց» հետո տաքսիստների աշխատանքը, մինչև վերջին կոպեկը, վարորդների ասելով, մնում էր իրենց:
«Լավ էր: Գիտեինք ինչքան ենք քշում, ինչքան ծախսում, ինչքան ստանում: Գազի գինը հանած` ինչքան քշում էինք, մերն էր, ոչ մեկը փայ չէր մտնում: Չնայած հասկանում էինք, որ տենց երկար չի ձգի, բայց լավ էր»,- ասաց վարորդներց մեկը: Նրա փոխանցմամբ, գիծը հիմա տեր ունի, բայց թե ով է՝ չի տեսել, չի ճանաչում: Լսել է, որ գեներալի երկրորդ տղան է տիրություն անում, բայց տարածքում նրան դեռ չի տեսել: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ուղեվարձը թանկացնելու կարգադրությունը հենց նա է տվել, ասաց. «Բա էս քաղաքում իրանցից բացի ուրիշ ասող կա՞…»: