Փոխվարչապետն ընդունեց Լիտվայի դեսպանին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Նա նշեց, որ Հայաստանը Լիտվայի հետ ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունի եւ մեծ նշանակություն է տալիս երկկողմ համագործակցության ընդլայնմանը:
Փոխվարչապետի խոսքով` ԵՄ անդամ Լիտվայի արձանագրած հաջողություններն ու փորձը, մասնավորապես` տարածքային զարգացման ոլորտում, հետաքրքիր եւ օգտակար կարող են լինել Հայաստանի համար: Նա նաեւ կարեւորեց երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը:
Ա. Գեւորգյանն անդրադարձավ նաեւ տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին` նշելով, որ հիմքում տարածքների համաչափ զարգացումն է, եւ դրանց իրականացման հարցում Հայաստանն ակնկալում է նաեւ Եվրամիության ու անդամ երկրների աջակցությունը:
Դեսպանը վստահեցրեց, որ իր կողմից կանի հնարավորը` երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը նպաստելու համար: Նա ընդգծեց երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` կարեւորելով նաեւ միջտարածաշրջանային փոխգործակցությունը:
Անդրադառնալով Եվրամիությունում Լիտվայի նախագահությանը` դեսպանը նշեց, որ նախագահության ընթացքում մեծ նշանակություն է տրվելու Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը, եւ Լիտվան այդ գործընկերության զարգացման ջատագովներից է:
Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստանում իրականացվող ԵՄ ծրագրերին, մասնավորապես «Թվինինգ» ծրագրի ընթացքին: Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց նաեւ Եվրախորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում իրականացված եւ իրականացվելիք միջոցառումների մասին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին