Ի՞նչ արժե հանգիստը Ծաղկաձորում և Ջերմուկում
Ամառվա այս օրերին քաղաքացիների շրջանում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում է հանգստյան ուղեգրերին ու հատկապես գներին: Մեր քաղաքացիներից շատերը, ինչպես հայտնի է, վերջին տարիներին գերադասում են հանգստանալ արտերկրում, քան Հայաստանում: Այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ ի՞նչ գներ են առաջարկում հայաստանյան հանգստյան տներն այս տարի:
168.am-ը փորձեց ճշտել՝ ի՞նչ արժեն Ծաղկաձորում, Ջերմուկում և Դիլիջանում գործող հյուրանոցային համարները հուլիս-օգոստոս ամիսներին:
Ծաղկաձորի «Ալվա» հյուրանոցից մեզ տեղեկացրին, որ հուլիսի 15-ից երկու անձի համար նախատեսված սենյակներն արժեն 24.000 դրամ, իսկ 4 տեղանոց քոթեջը՝ 48.000 դրամ: Գումարի մեջ ներառված է նախաճաշը, ջակուզիից և բիլյարդից օգտվելը: Նշված գները հյուրանոցում գործում են մինչև օգոստոս ամսվա վերջ:
Ծաղկաձորի «Յուպիտեր» հյուրանոցում սենյակների գները 1 գիշերվա համար սկսվում են 20.000 դրամից. «Մինչև 45.000 դրամանոց սենյակներ ունենք»,- ասացին հյուրանոց: Նշված սենյակները նախատեսված են 2 հոգու համար. այդ գնի մեջ ներառված է նախաճաշը:
«Մարիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրից մեզ փոխանցեցին, որ ստանդարտ համարներում 1 օր անցկացնելու համար անհրաժեշտ է վճարել 60.000 դրամ, դելյուքս համարների համար՝ 72.000 դրամ, իսկ վիլլա քինգ համարների արժեքը 48.000 դրամ է: Գումարի մեջ ներառված է նախաճաշը 2 հոգու համար, ֆիթնեսի, ջակուզիի, սաունայի և լողավազանի ծառայությունները:
«Ռոսիա» հյուրանոցում հուլիս-օգոստոս ամիսներին մեկ անձի համար նախատեսված սենյակն արժե 30.000 դրամ, երկու անձի համար՝ 50.000 դրամ: Գումարի մեջ ներառված է նաև երեքանգամյա սնունդը:
Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրում 2 հոգու համար նախատեսված սենյակների նվազագույն գինը 23.000 դրամն է, առավելագույնը՝ 33.000 դրամ: Գումարի մեջ ներառված է նաև նախաճաշը: «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» հյուրանոցից տեղեկացրին, որ ստանդարտ համարները մեկ անձի համար արժեն 14.000 դրամ, 2 սենյականոց համարներն արժեն 20.000 դրամ: Գումարը ներառում է միայն նախաճաշը, իսկ 3-անգամյա սնունդով համարների արժեքը 30.000 դրամ է:
Ծաղկաձորի նշված հյուրանոցներից տեղեկացրին, որ այս պահի դրությամբ կան ազատ համարներ:
Ջերմուկ առողջարանային քաղաքում գտնվող հյուրանոցներից ու առողջարաններից միայն երկուսից կարողացանք պարզել հուլիս-օգոստոս ամիսների համար սահմանված գները: Այսպես, «Արմենիա» հյուրանոցային համալիրից տեղեկացրին, որ մեկտեղանոց համարներն արժեն 45.000 դրամ, իսկ երկտեղանոցները՝ 70.000 դրամ: Գումարը ներառում է 3-անգամյա սնունդը. դիագնոստիկա և բուժումները:
«Օլիմպիա» հյուրանոցում երկտեղանոց սենյակներն արժեն 50.000 դրամ, մեկտեղանոցները՝ 40.000 դրամ: Գումարը ներառում է 3-անգամյա սնունդը, ինչպես նաև` բուժումը: Ջերմուկում գտնվող առողջարանային համալիրներից ևս տեղեկացրին, որ այս պահին դեռ ազատ համարներ կան: