Հրայր Թովմասյան. Պետք չէ խեղաթյուրել նախագահի ասածը
Լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին` արդյոք շաբաթ օրը ՀՀ նախագահն իր մոտ հրավիրած քննարկման ժամանակ հնչեցրած հայտարարությամբ չի՞ ուղղորդում ՀՀ գլխավոր դատախազությանը: Ի պատասխան Հրայր Թովմասյանն ասաց, որ պետք չէ խեղաթյուրել նախագահի ասածը, ապա ավելացրեց.
«Գլխավոր դատախազը հայտարարել էր, որ այն գործերը, որոնք ստացել է Վերահսկիչ պալատից, որևէ խոսք չկա 700 միլիարդի կամ 70 միլիարդի մասին: Խոսքը գնում է ընդամենը 200-300 միլիոնի մասին, որը պետք է քննարկվի և ապացուցվի` չարաշահումներ կա՞ն, թե՞ չկան: Գլխավոր դատախազը հայտարարել է, որ 700 միլիարդի մասին խոսք չկա: Վերցրեք ու նայեք՝ նախագահն ի՞նչ է ասել»:
Լրագրողների դիտարկմանը, թե տարածված տեսանյութում գլխավոր դատախազի բացատրությունը թվերի մասով՝ բացակայում է, ՀՀ արդարադատության նախարարն այսպես արձագանքեց. «Դատախազն իր ելույթի խոսքում նշել է, վերցրեք՝ նայեք»:
Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը հայտարարել էր. «Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 միլիարդը վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ եւ հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են»: