Հրայր Թովմասյան. Հարցրեք Կիպրոսի դատախազին, ես Կիպրոսի Իրավունքի մասնագետ չեմ
«Հարցրեք Կիպրոսի դատախազին: Ես Կիպրոսի Իրավունքի մասնագետ չեմ»,- անդրադառնալով Կիպրոսի դատախազի հայտարարությանը՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Կիպրոսի դատախազը անհնարին էր համարել վարչապետի բացատրությունը՝ կապված օֆշորային պատմության հետ, ըստ որի՝ հնարավոր է առանց մեկի թույլտվության ձեռնարկություն գրանցել այնտեղ:
Դիտարկմանը, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրավունք չունի չհավատալու Կիպրոսի դատախազի հայտարարությանը, Հրայր Թովմասյանն ասաց. «Դուք ասում եք Կիպրոսի դատախազն ինչ-որ բան է ասել, ՍԴ նախագահն ինչ-որ բան է ասել: Ես չգիտեմ՝ ես ոչ Կիպրոսի իրավունքի մասնագետ եմ, ոչ էլ… հարցրեք էդ մարդուն: Ինձ հարցեր տաք, որը կարող է պրոցեսների վրա ազդե՞լ, դուք էդ պատասխանները չեք ստանա: ՀՀ արդարադատության նախարարը չի պատասխանելու այն հարցերին, որոնք նախաքննության փուլում են, դատախազության վարույթում, ոստիկանությունում: Եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի իմ պատասխանները կարող են ազդել պրոցեսների վրա, ուստի այդ հարցերին չեմ պատասխանում»:
Հարցին, թե Հայաստանում արդարադատություն կարո՞ղ է կիրառվել, հնարավո՞ր է, որ մի օր վարչապետը պատասխանատվության ենթարկվի՝ հիմքերի դեպքում, նախարարը պատասխանեց. «Ամենագլխավոր բանը, որ պետք է հավատ ունենալ, այո, հնարավոր է: Եթե հավատ չունեք, որ մեր երկրում կարող է արդարադատություն կիրառվել, որ այն օդը, որը շնչում եք արդարադատության մասնաբաժինը շատ ավելի մեծ կարող է լինել, ուրեմն… Եթե-ներով չեմ ուզում պատասխանել: Եթե իրավական պետություն ենք, բոլորը հավասար են իավունքի առջև, եթե մեկը հանցագործություն է կատարել՝ պետք է պատասխանատվության ենթարկվի»: