Հայաստանը ևս 84 միլիոն դոլար կստանա ԱՄՀ-ից
Արժույթի միջազգային հիմնադրամը երկուշաբթի օրը հավանության է արժանացրել Հայաստանին նոր վարկային տրանշի տրամադրումը՝ մոտ 84 միլիոն դոլարի չափով։ Ինչպես տեղեկացնում է Vesti.ru-ն, որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Երևանի կողմից ԱՄՀ վարկային աջակցության ծրագրի իրականացման վերաբերյալ վեցերորդ դիտարկման արդյունքները։ Նշենք, որ ծրագիրը հաստատվել է 2010 թվականի հունիսի 28-ին և դրա տևողությունը 3 տարի է։
Ընդհանուր առմամբ՝ ծրագրով Հայաստանի համար նախատեսված է 407.2 միլիոն դոլար։
Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը կատարել է ծրագրի պայմանները։ Մասնավորապես, 2011 թվականին տնտեսական աճը եղել է 4.7%, 2012-ին՝ 7.2% և այժմ էլ գրանցվում է կայուն աճ։ Միևնույն ժամանակ, գնաճը չի գերազանցում 4%-ը, ինչը համապատասխանում է ծրագրի ցուցանիշներին։
Այդուհանդերձ, ԱՄՀ-ն գտնում է, որ Հայաստանի տնտեսությունը դեռևս թույլ կետեր ունի։ Այդ խնդրի լուծմանը պետք է նպաստեն տնտեսական զարգացման հետագա ծրագրերը, որոնք մշակվել են երկրի կառավարության կողմից։