Ազգային անվտանգությունը պետք է պարզի՝ ո՞ւր են գնում գիտության փողերը (տեսանյութ)
«Ո՞ւր են գնում գիտական հետազոտությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները. Ի՞նչ չափանշներով և ո՞ւմ են դրանք հատկացվում և արդյո՞ք դրանք նպատակային են ծախսվում»: Այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցերը բարձրաձայնեցին կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը և հոգեբանական գիտություների դոկտոր Սամվել Խուդոյանը:
Ս. Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանում 22 տարի այնքան «տգետ» քաղաքականություն է տարվել, որ հզոր գիտատեխնիկական ներուժը ոչնչացվել է, ինչը, ըստ բանախոսի` ազգային դավաճանություն է, քանի որ դա մեր միակ ազգային հարստությունն էր, որ կարելի էր շահութաբեր դարձնել` օգտագործելով մեր երկրի աշխարհագրական, քաղաքական այս տարածաշրջանի վիճակը. «Շահութաբեր դարձնել այդ հզոր պոտենցիալը, պահել և զարգացնել այն: Իսկ դա ավելի մեծ արդյունք կտար, քան թե մեր հանքափորերը»:
Ս. Հայրապետյանը նշում է նաև, որ Նախագահի վերահսկողության ծառայության հայտարարությունը, ըստ որի`«2010 թվականին 3.4 մլրդ, ոչ թե մլն, բաշխվել է գիտության ոլորտում` ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից»:
«Ուրեմն ենթադրվում է, որ պետք է ստուգեին-տեսնեին, թե դա ո՞ւր է գնացել»,- ասաց բանախոսը` նշելով, որ դա պետք է պարզի Ազգային անվտանգության ծառայությունը:
Բանախոսը նշում է նաև, որ ամբողջ աշխարհում փորձագետը մեկ` անկախ մարմին է, իսկ հսկողություն իրականացնողը մեկ ուրիշ մարմին է:
Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանի խոսքով` տարբեր ոլորտների հազարավոր գիտությունների թեկնածուների և դոկտորների մեջ «3-4 իսկական գիտնական ամեն մի ճյուղում չեք գտնի», իսկ մնացածը, ըստ նրա, այսպես կոչված՝ կեղծ գիտնականներ են, որոնք գրագողությամբ կամ այլ ձևերով ստացել են դիպլոմներ, սակայն նրանք ստանում են տարբեր դրամաշնորհներ և անգամ պետական մրցանակներ:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: