Արայիկ Բուդաղյան. Ամբողջ կյանքում մեզ վրա անբուժելի բան է մնացել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին «Մուրացան» զինվորական հոսպիտալից դեռևս դուրս չեն գրել:
168.am-ը Արտակ Բուդաղյանի եղբորից՝ Արայիկ Բուդաղյանից, հետաքրքրվեց՝ ի՞նչն է եղբորը դուրս գրելու հետաձգման պատճառը: Արայիկ Բուդաղյանն ասաց, որ եղբոր վիճակը լավ է, նրա հետ ամեն ինչ կարգին է, իսկ դուրսգրումն էլ չի ձգձգվում: Արայիկ Բուդաղյանը հավելեց, որ Արտակ Բուդաղյանը «Մուրացան» զինվորական հոսպիտալից հավանաբար դուրս կգրվի հաջորդ շաբաթ:
Ավելի վաղ Արայիկ Բուդաղյանը հայտնել էր, որ եղբոր ֆիզիկական առողջությունը լավ է, իսկ հոգեկանի մասին ասել էր. «Ո՞նց կարող է լավ լինել»:
168.am-ի հարցին՝ այժմ ի՞նչ կարող եք ասել Ա. Բուդաղյանի հոգեվիճակի մասին, արդյոք դրական տեղաշարժեր կա՞ն, Արայիկ Բուդաղյանը պատասխանեց. «Նույնն է: Այդ վերքը կարո՞ղ է բուժվի: Առողջական վիճակը լավանում է, բայց հոգեկան վիճակը կարո՞ղ է բուժվել: Մեկը կա՞, որ կարող է բուժել: Ամբողջ կյանքում մեզ վրա անբուժելի բան է մնացել»:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23:00-ի սահմաններում Գորիսում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց, հնչել էին կրակոցներ: Փոխհրաձգության արդյունքում Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և Զարզանդ Նիկողոսյանը ձերբակալվել էին. Նրանց առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112 և 235 հոդվածների 1-ին մասերով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։