
Ամերիկյան սենատը կանաչ լույս է վառել 11 մլն անլեգալ միգրանտների առջև

Ամերիկյան Կոնգրեսի վերին պալատը հունիսի 27-ին հաստատել է էմիգրացիայի բարեփոխման մասին օրենքի նախագիծը: Այն հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում անլեգալ բնակություն հաստատած արտասահմանցիներին օրինականացնել իրենց կացությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»՝ հղում անելով «Associated Press» լրատվական գործակալությանը: Օրենքին կողմ են քվեարկել 68, իսկ դեմ 32 սենատորներ:
Էմեգրացիայի օրենքի բարեփոխումների նախագիծը ներկայացվել էր 2013թ.-ի հունվարին՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող սենատորների կողմից: Այն ստացել էր նաև նախագահ Բարաք Օբամայի հավանությունը: Մայիսի վերջին այն հաստատել էր Սենատի իրավաբանական կոմիտեն:
Օրենքը թույլ կտա ԱՄՆ-ում ապրող ավելի քան 11 մլն անլեգալ միգրանտներին որոշակի պայմաններ կատարելուց հետո օրինականացնել իրենց բնակությունը և ձեռք բերել ամերիկյան քաղաքացիություն ստանալու օրինական հնարավորություններ:
Այս փաստաթղթի ընդունման առթիվ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել սենատորներին, միաժամանակ նշելով, որ օրենքի նախագծի ճակատագիրն այժմ կախված է կոնգրեսի անդամներից: