Բաժիններ՝

Մայորը դատապարտվեց հանցագործությունը թաքցնելու մեղադրանքով

Պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Արմեն Բաղրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի, նա 2012թ. մայիսի 20-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Սահակյանից տեղեկացել է մի քանի օր առաջ դիրքի ավագ, ավագ սերժանտ Աշոտ Բադալյանի կողմից վերջինիս ծեծելու և նրան մարմնական վնասվածք պատճառելու մասին: Սակայն կատարված հանցագործության մասին չի հայտնել վերադաս հրամանատարությանը և իրավապահ մարմիններին, հակառակ ծառայության շահերի, իր հրամանատարության ներքո ստորաբաժանման վարկանիշը չիջեցնելու և իրականությունը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու շարժառիթներով հանցագործությունը թաքցրել է: Այսինքն՝ խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի պահանջները, դրսևորել իշխանության անգործություն, դեպքի մասին իրավապահ մարմիններին չի հայտնել, չի կատարել իր վրա օրենքով և զինվորական կանոնադրություններով դրված պարտականությունները: Դրանով իսկ էական վնաս պատճառել զինվորական ղեկավարման, իրավապահ մարմինների գործունեության բնականոն ընթացքին և զինվորական պետերի, պաշտոնատար անձանց կողմից ծառայողական գործառույթների իրականացման հաստատված կարգին:

Մինչև դատաքննությունը սկսվելն ամբաստանյալ Արմեն Բաղրյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ՝ դատարանը բավարարել է միջնորդությունը:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, 19-06-2013թ. դատավճռով Արմեն Բաղրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտել պայմանական ազատազրկման 2 տարի ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել այն, որ ամբաստանյալ Արմեն Բաղրյանի խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան երեք երեխաները, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար 1-ին, 2-րդ աստիճանների», «Դրաստամատ Կանայան», «ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալներով, ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, ինչպես նաև մասնակցել է արցախյան գոյամարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս