Լյուդմիլա Սարգսյան. «Իսկ ինչո՞ւ պետք է ՌԴ-ն մեզ հետ ավելի լավ վարվի»

Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ

– ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը չի՞ հակասում ռազմավարական գործընկերոջ նկատմամբ հարաբերություններին, պատասխանել էր. «Դա բիզնես է, դա շուկա է, դա ՌԴ տնտեսությունն է»: Ինչպե՞ս եք վերաբերվում ՌԴ-ի այդ որոշմանը, և արդյո՞ք Ն. Բորդյուժայի բացատրությունը Ձեզ համար համոզիչ է:

– Մենք` որպես հայաստանցի, որպես Հայաստանում ապրող ու գործող քաղաքական մարդիկ, չենք ցանկանում, որ Ադրբեջանն ուժեղանա, զինվի: Հատկապես, երբ նրանց կողմից պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ են հնչում Հայաստանի հասցեին: Այս ֆոնի վրա՝ զենքի մատակարարումը, բնականաբար, չի կարող չազդել Հայաստանի տրամադրությունների վրա ու մտահոգություններ չառաջացնել: Ռուսաստանը միայն Կովկասում չէ, որ զենք է մատակարարում, այլ՝ աշխարհի հզորագույն զենքի մատակարար երկրներից մեկն է, ու զինամթերքի վաճառքն իր տնտեսության մի մասն է կազմում:

Բորդյուժան, սակայն, հայտարարեց նաև, որ զենքի վաճառքը բիզնես դիտարկելուց բացի, Հայաստանի սահմաններն, անկախ ամեն ինչից, Ռուսաստանը պաշտպանում է: Այս համագործակցությունն արդեն քիչ չէ, որ մենք մեզ ապահով զգանք: Զուգահեռ` Բորդյուժան ընդգծեց նաև, որ հանդիսանալով ՀԱՊԿ անդամ երկիր` մենք մշտապես կարող ենք ակնկալել ՀԱՊԿ-ի աջակցությունը, որը, կարծում եմ, մեսիջ էր այն մասին, որ անկախ նրանից՝ բիզնե՞ս են իրենք անում Ադրբեջանի հետ, թե՞ ոչ, ՀԱՊԿ-ն Հայաստանին աջակցելու է:

Կարդացեք նաև

Չեմ բացառում, որ այս որոշումը պայմանավորված էր նաև քաղաքական խնդիրներով: Այն իրավիճակը, որ այսօր կա Հայաստանում, այնքան էլ ցանկալի չէ ՌԴ-ի համար, քանի որ ամեն մի նժարի վրա դրված է Ասոցիացման համաձայնագիրն ու Մաքսային միության հնարավոր անդամակցության հարցը: Սա նաև ինչ-որ տեղ կարող է գնահատվել` որպես պարտադրանք, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են կողմնորոշվել, որն այնքան էլ հեշտ չի լինի: Ամեն անգամ, երբ ընտրությունները հաջորդաբար կեղծվում են, իշխանությունը վերարտադրվելիս, միևնույն է՝ գիտակցում է, որ ինքը խոցելի է, ինչն էլ, դժբախտաբար, ժողովրդի նկատմամբ է արտահայտվում:

Գազի գնի թանկացումն էլ` սոցիալական լրջագույն հարված էր մեր ժողովրդի համար՝ ավելի շոշափելի դարձնելով կենսամակարդակի անկումը: Մենք պարբերաբար զգում ենք մեր պետությանն ուղղված հարվածներ, ու, չդասվելով հզոր երկրների շարքին, որոնք կարող են երկու նժարների վրա երկարատև խաղալ՝ մենք տուժում ենք: Այստեղ կողմնորոշման խնդիր կա, որն իշխանությունը պարտավոր կլինի կատարել: Իսկ ընտրություն կատարելը ևս այս իշխանության իրավունքը չէ. պետք է հանրաքվե անցկացվեր, բայց սա բարդ կլինի, որովհետև մարդկանց մեծ մասը ռուսամետ է, օբյեկտիվությունը չի պահպանվի: Ոսկե միջինն այս հարցում կարելի էր գտնել, եթե ժողովուրդն ընտրելու ու ընտրվելու Սահմանադրական իր իրավունքն իրականացնելու հնարավորություն ունենար: Բայց մեզանում ընտրական մեխանիզմները ոչնչացված են:

– Ձեր կարծիքով՝ մի կողմից` Հայաստանին աջակցելը, մյուս կողմից՝ Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունը հավասարակշռությո՞ւն է ստեղծում տարածաշրջանում: Այս հավասարակշռությունը Հայաստանին ձեռնտո՞ւ է:

– Ն. Բորդյուժան էլ ասաց, որ, այո, իրենք հավասարակշռությունը չեն խախտում: Մեզ համար, իհարկե, սա ցանկալի չէ ու ձեռնտու կլիներ, որ ռազմական առումով ավելի ուժեղ լինեինք՝ ի տարբերություն Ադրբեջանի: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը տնտեսապես ավելի հզոր է:

– Այդ դեպքում ինչո՞ւ է հանուն «տնտեսական շահի»` ՌԴ-ն հզորացնում իր ռազմավարական գործընկերոջ հակառակորդին: Հնարավոր չէ՞ այդ հարցում պայմանավորվածություն ձեռք բերել ՌԴ-ի հետ:

– Դժբախտաբար, կրկին ընտրությունների անցկացման պատճառով մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ ի վիճակի չենք գերտերությունների հետ պայմանավորվելու ու գործընկերային հարաբերություններ ստեղծելու: Գործընկեր է նա, ով անկախ է և ունի սեփական ժողովրդի աջակցությունը: Իսկ մեր պարագայում այդ աջակցությունն իշխանությունները չունեն՝ խոցելի են: Հայաստանը պահանջել կամ պայմանավորվել չի կարող, կարող է միայն խնդրել, որը միշտ չէ, որ աշխատում է: Քանի դեռ իշխանությունն ու պետությունը մեզանում ամբողջացված են, քանի դեռ իշխանությունները կարծում են, թե պետությունն իրենք են, նման արդյունք ենք ստանալու: Ստացվում է, որ իշխանության թուլության հետևանքները կրում են մարդիկ, ովքեր օր օրի հազարներով արտագաղթում են:

Գործող իշխանությունն իրեն պետք է հարց տա՝ ո՞ւմ իշխանությունն է լինելու, եթե երկրում ժողովուրդ չմնա, և ինչպե՞ս է պատրաստվում պաշտպանել սահմանները, եթե սահմանային գյուղերից մարդիկ հեռանում են: Իրականում մեր երկրում այս ամենի արդյունքում ոչ միայն քաղաքական, այլև՝ բարոյահոգեբանական ճգնաժամ է, որի հաղթահարումն ավելի բարդ կլինի, քան քաղաքական ճգնաժամի դեմ պայքարելը:

– Ասացիք, որ Ռուսաստանի քայլն ինչ-որ տեղ կարող է գնահատվել` որպես պարտադրանք, որպեսզի Հայաստանի իշխանությունները կողմնորոշվեն: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ կարծիք էր հայտնել, թե «թռչկոտելու դիվանագիտությունն Արևելքից Արևմուտք» ստիպում է պետություններին վարվել քեզ հետ այնպես, ինչպես դու ես վարվում ինքդ քեզ հետ: Հայաստանը որքա՞ն պետք է հայտնվի Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա ընտրության առջև:

– Համաձայն եմ Արամ Մանուկյանի հետ: Բայց կարծում եմ` ընտրության հարցը երկար տևել չի կարող. Հայաստանի իշխանությունները փորձում են տեսնել, թե ո՞ր կողմից են ճնշումներն ավելի մեծ, ո՞ր կողմից կլինեն ավելի կործանարար, ավելի ահաբեկող սպառնալիքներ, այդ կողմնորոշումն էլ կընդունի Հայաստանը: Բայց դա դեռ չի նշանակում, որ այդ ընտրությունն ընդունելի կլինի Հայաստանի համար: Իշխանության կորուստը որքան իրատեսական դառնա Արևմուտքի կողմից՝ իշխանության պահպանման համար կթեքվեն այդ կողմը, սպառնալիքը մեծ կլինի ՌԴ-ի կողմից, կորդեգրեն Ռուսաստանի հետ համագործակցելու քաղաքականությունը:

– Այս փուլում ո՞ր կողմից են կործանարար այդ սպառնալիքները Հայաստանի համար:

– Հիմա այդ սպառնալիքները բոլոր կողմերից էլ կան: Մի կողմում ավելի տեսանելի, մյուս կողմում՝ ավելի քողարկված: Բայց թուրը մշտապես կախված է լինելու մեր երկրի գլխին: Տա Աստված, որ այն իջնի իշխանության, ոչ թե՝ երկրի գլխին:

– Ռուսաստանի կողմից իրականացվող վերջին քայլերը՝ գազի թանկացումը, «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» մասնաբաժինը 100 տոկոս դարձնելու մտադրությունն արդյոք մեծ սպառնալիքներ չե՞ն:

– Եթե նախկինում Հայաստանը 20 տոկոսի մասնաբաժնով որոշակի փոփոխություններ կատարելու, բանակցելու հնարավորություն ուներ, հիմա ամբողջովին կախման մեջ է ընկնում «Գազպրոմից»: Ես համամիտ եմ այն տեսակետներին, որ ՀՀ-ի մասնաբաժնի վաճառքը գազի սուբսիդավորմամբ է պայմանավորված, որի համար անհրաժեշտ գումարելիների բացակայության պատճառով փորձում են այս կերպ հատուցել: Ի՞նչ ապագա կարող է ակնկալել շարքային քաղաքացին, եթե իր աչքի առջև ամբողջ Հայաստանը վաճառվում է:

Բնականաբար, նա կգերադասի ապրել ավելի ապահով ու հզոր երկրում: Իսկ ինչո՞ւ պետք է Ռուսաստանը մեզ հետ ավելի լավ վարվի: Եթե իշխանությունը սեփական երկրի, ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունք ունի, ապա ՌԴ-ն ինչո՞ւ պետք է Հայաստանի ու հայ ժողովրդի համար մտահոգված լինի:

Ինչո՞ւ… Չէ՞ որ Ռուսաստանն ամեն դեպքում այլ պետություն է, թեպետ` դաշնակից, բարեկամ, բայց իր շահերով ապրող, իր աշխարհաքաղաքական նպատակները հետապնդող գերտերություն է: Մեր երկրի մասին պետք է մտահոգ լինեն ու դրանց լուծումներ տան գործող իշխանությունները, ու Ռուսաստանն այստեղ կապ չունի: Երբեք պետք չէ բարեկամ փնտրել, եթե դու քո երկրում քո ժողովրդի բարեկամը չես:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս