Բաժիններ՝

Ինչու են ձերբակալվել Վահագն Չախալյանի եղբայրը և մի խումբ այլ հայ երիտասարդներ

Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին: Այս մասին հայտնում է  վրացական «Грузия Online» պարբերականը:

Ըստ վրացական կայքի տվյալների` Արմեն Չախալյանը մեղադրվում է երեկ Վրաստանի Նինոցմինդայի շրջանում «անկարգություններ կազմակերպելու» մեջ: Ըստ  «Грузия Online»-ի աղբյուրի` Արմեն Չախալյանին բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են Նինոծմինդայի, Ախալքալակի ոստիկանությունը և հատուկ նշանակության ջոկատը` դիմակավորված և ինքնաձիգներով զինված:

Կատարվածի վերաբերյալ առայժմ պաշտոնական հաղորդագրություն չկա:

Արմեն Չախալյանի ձերբակալության լուրը մեզ հետ զրույցում հաստատեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Երեկ ձերբակալվել է Վահագն Չախալյանի եղբայրը, ձերբակալության պատճառը, ըստ մեզ հասած տեղեկությունների, խմբակային ծեծկռտուքն է: Ձերբակալվել են ծեծկռտուքի մի խումբ մասնակիցներ, այդ թվում Արմեն Չախալյանը»,- ասաց Շիրակ Թորոսյանը: Վերջինս նաև նշեց, որ այս պահին ճիշտ չէ կատարվածի վերաբերյալ որևէ գնահատական տալը:

Ավելացնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Նինոծմինդայի գյուղերից մեկում` 1918 թ. Ախալցխայի ինքնապաշտպանությանը նվիրված միջոցառման ժամանակ: Ընդ որում, ինչպես zham.am կայքի հետ զրույցում նշել է «Բազմազգ Վրաստան» հ/կ-ի նախագահ Առնոլդ Ստեփանյանը, կռիվը տեղի է ունեցել Ախալքալաքի ու Նինոծմինդայի մի խումբ հայ երիտասարդների միջև, որոնք իրենց հաշտեցնելու համար կանչել են շրջանում հեղինակություն վայելող Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս