Զինակոչիկների ծառայության վայրը կընտրվի վիճակահանությամբ
Հաջորդ տարվանից Հայաստանում նախատեսվում է զինակոչիկների ծառայության վայրն ընտրել վիճակահանությամբ: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ այսօր «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ իրականացվում են աշխատանքներ, որոնք նպատակ ունեն վերացնելու ոլորտում առկա խնդիրներն ու ամրապնդելու հասարակության վստահությունը բանակի հանդեպ:
Ըստ նրա՝ խստացվել է բժշկական հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը, ինչի արդյունքում բացահայտվել են կեղծ տեղեկանքներ:
Նախարարը նկատել է, որ արդեն շարունակական դարձած խորհրդարանական լսումներն ու տարաբնույթ քննարկումները մեծացնում են բանակ-հասարակություն կապը, նպաստում ոլորտում առկա խնդիրների հրապարակայնացմանն ու լուծմանը: Նրա խոսքով՝ ոլորտի բարելավմանն ու կառավարման թափանցիկության մեծացմանը կնպաստի նաև հրավիրված միջազգային փորձագետների լավագույն փորձը:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, դրական գնահատելով ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցությունը, նշել է, որ դեռևս անելիքներ կան պետական գնումների գործընթացներում, բանակում բարեվարքության սերմանման և ամրապնդման գործում: