Նարեկ Սարգսյանին կդատե՞ն
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն դիմել է ՀՀ ոստիկանություն եւ պահանջում է քրեական գործ հարուցել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի դեմ: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:
«Մենք դեռեւս 2009 թվականից դիմում ենք իրավապահ մարմիններին, եւ իրավապահ մարմինները իրար վրա են քցում, ըստ էության, այդ գործը:
Մենք դիմում ենք այն հարցով, որ Երեւան քաղաքում 2000 թվականի սկզբներին ոչնչացվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ եւ որեւէ պաշտոնատար անձ դրա համար չի կրել պատասխանատվություն: Այդ գործը սկսվել է նրանից, որ Նարեկ Սարգսյանը 1999-2004 թվականը եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, և իր պաշտոնի բերումով նա մասնակցել է և ակտիվորեն նախաձեռնել է մեծ չափով Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման գործընթացները, և քաղաքի կենտրոնում են հենց առկա եղել այն պատմամշակութային օջախները, որոնց մեծ մասը՝ 25 հուշարձան, ոչնչացվել են, ևս 14-ը համարվել են տեղափոխման ենթակա, որպեսզի չխոչընդոտեն կենտրոնի կառուցմանը»,- ասել է Սոնա Այվզյանը: ՀԿ-ի փոխտնօրենի խոսքերով՝ Նարեկ Սարգսյանը պաշտոնի բերումով ներգրավված է եղել այդ գործընթացում եւ հետեւաբար պետք է կրի պատասխանատվություն:
«Մենք դիմել էինք ԱՕԿՍ-ի շենքի հետ կապված, բայց նաեւ նրանց ուշադրությունն ենք հրավիրել այն փաստի վրա, որ Նարեկ Սարգսյանը իր պաշտոնավարման ընթացքում ներգրավվել է բազմաթիվ նախագծերի մշակմանը, ինչը կասկածների տեղիք է տալիս, որ եղել է պաշտոնական դիրքի չարաշահում և շահերի բախում: Պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար Երևան քաղաքում որևէ մեկը պետք է պատասխան տա: Մենք կարծում ենք, որ պատասխան պետք է տա և՛ Նարեկ Սարգսյանը, և՛ այն քաղաքապետերը, որոնք եղել են այդ ժամանակահատվածում իրենց պաշտոնում»,- նշել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի փոխտնօրենը:
Կարդացեք այստեղ.