Աղվան Հովսեփյան. Առանց հանրության վստահության հնարավոր չէ արդյունավետ պայքարել հանցավորության դեմ

Այսօր լրանում է ՀՀ դատապազական ծառայության հիմնադրման 95-ամյակը: ՀՀ կառավարության որոշմամբ` հունիսի 28-ը նշվում է որպես դատախազության աշխատողի օր: Դատախազությունում կազմակերպված միջոցառմանը մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը և այլք:

Աղվան Հովսեփյանը շնորհավորեց դատախազների տոնը՝ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի դատարանում դատախազներն իրենց գործունեությունն իրականացնեն հավուր պատշաճի, վերացվեն նրանց գործողությունների իրականացման ձևական դրսևորումները: «Մենք պետք է գործուն միջոցներ ձեռնարկենք դատախազների՝ դատավարական լիազորությունների պատշաճ կատարումն ապահովելու, դրանց ձևական իրականացման հնարավոր դրսևորումները բացառելու ուղղությամբ՝ ձգտելով, որ դատախազի յուրաքանչյուր որոշում բացատրելի լինի օրենքի շրջանակում և արդարության տեսանկյունից ընկալելի ժողովրդի համար, որովհետև առանց հանրության վստահության հնարավոր չէ արդյունավետ պայքարել հանցավորության դեմ»:

Տիգրան Սարգսյանն էլ  ասաց, որ դատախազությունն ունի խնդիրներ. առանձնահատկությունն, ըստ նրա՝ այն է, որ այսօր խոսվում է այդ խնդիրների մասին: Միաժամանակ, Տիգրան Սարգսյանն արձանագրեց, որ դատախազությունում դրական միտումներ կան: ՀՀ վարչապետն ասաց, որ պետք է բոլորը գիտակցեն՝ ազատությունը, ժողովրդավարությունը միևնույն ժամանակ ենթադրում են պատասխանատվություն: Շնորհվեցին մի շարք պատվոգրեր:

ՀՀ ազգյին անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պարգևատրվեց «արժեքավոր նվերով»:

Տեսանյութեր

Լրահոս