Օբաման այսօր ժամանում է ՀԱՀ, ուր պլանավորել է հանդիպել Մանդելայի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր այցելում է ՀԱՀ, ուր արդեն երեք շաբաթ է, ինչ հոսպիտալացվել է երկրի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան, որի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Այս մասին հայտարարել է ՀԱՀ-ի նախագահ Ջեյքոբ Զումայի աշխատակազմը: Օբաման կնոջ ուղեկցությամբ պաշտոնական այցով ՀԱՀ է ժամանում Զումայի հրավերով: Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ գործող նախագահի հետ բանակցելուց բացի, Օբաման պատրաստվում է հանդիպել Մանդելայի հետ, որի հետ Վաշինգտոնում զրուցել է 2005 թվականին, երբ նա դեռ սենատոր էր:
Սակայն ՀԱՀ-ի արտգործնախարար Մաիթե Նկոանա-Մաշաբանեն երեքշաբթի հայտնել էր, որ Օբաման հիվանդանոցում չի տեսակցելու Մանդելայի հետ:
Նախօրեին Մանդելայի դուստրը հայտարարել էր, որ իր հոր հետ կարող է ամեն ինչ պատահել յուրաքանչյուր պահի:
Սենեգալում գտնվող Բարաք Օբաման իր հերթին ՀԱՀ-ի նախկին նախագահին որակել էր որպես իր «անձնական հերոս»: ԱՄՆ առաջին սևամորթ նախագահն ընդգծել է. «Եթե նա լքի էլ մեզ, մենք բոլորս հասկանում ենք, որ նրա ժառանգությունն ապրելու է դարերով»: