
Ջեյքոբ Զումա. Նելսոն Մանդելայի առողջական վիճակը բարելավվել է

Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման հայտարարել է, որ աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ 94-ամյա Նելսոն Մանդելայի առողջական վիճակը բարելավվել է:
«Ես այսօր հետաձգեցի այցս Մոզամբիկ, որպեսզի տեսնեմ նրան և զրուցեմ բժիշկների հետ: Նա այսօր շատ ավելի լավ էր, քան երեկ երեկոյան»,- Ջեյքոբ Զումայի խոսքն է մեջբերում CNN-ը:
Նելսոն Մանդելան համարվում է Հարավաֆրիկյան հանրապեության ժամանակակից դեմոկրատիայի նախահայրը:
Հիշեցնենք, որ Նելսոն Մանդելան հունիսի 8-ից գտնվում է Պրետորիայի հիվանդանոցում, իսկ մի քանի օր առաջ նրա ավագ աղջիկը հայարարել էր, որ հոր առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Նշենք, որ որոշ բրիտանական ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ Նելսոն Մանդելան մահացել է, բայց Հարավաֆրիկյան հանրապետության իշխանությունները թաքցնում են այդ տեղեկությունը: