
Facebook-ի օգտատերերից մեկի գրառման հիման վրա դատավորի գործավարուհուն նկատողություն է հայտարարվել

Facebook սոցիալական ցանցի օգտատեր Հայկազ Գալստյանի կողմից 2013թ. մայիսի 8-ին «Armenian Lawyers» խմբում հրապարակվել է՝ «Էս ինչ խայտառակ վիճակ ա վերաքննիչ քաղաքացիական դատարանի գրասենյակում» բովանդակությամբ գրառում: Գրառման քննարկումներում նույն օգտատերը մանրամասնելով իր դժգոհությունը մասնավորապես նշել է, որ թիվ ԱՐԴ1/0527/02/10 դատական գործը ժամանակին չի ուղարկվել Վճռաբեկ դատարան:
Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի՝ ՀՀ դատական դեպարտամենտում մանրամասն քննության է ենթարկվել օգտատեր Հայկազ Գալստյանի ներկայացրած բողոքը: Քննության արդյունքում պարզվել է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի գործավար Վարդուհի Պապիկյանը պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարել է ոչ պատշաճ: ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 2013թ. հունիսի 21-ի թիվ 449-Ա հրամանով Վարդուհի Պապիկյանին հայտարարվել է նկատողություն: