
Արևմուտքն արգելել է ծառայողական շների արտահանումն Իրան. իրանցի գեներալ

Khabar Online կայքի փոխանցմամբ՝ արևմտյան երկրներն արգելել են թմրանյութեր որոնող ծառայողական շների արտահանումն Իրան: Այս մասին հայտարարել է Իրանի ոստիկանության աշխատակից, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը:
Վերջինիս խոսքերով՝ ծառայողական շներից բացի, արգելվել է նաև էլեկտրոնային սարքավորման հայտնաբերման համար նախատեսված սարքերի արտահանումը. «Այդ սարքերն Իրանին օգնում էին պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ:
Չնայած դրանց վրա դրված պատժամիջոցներին՝ երկիրը կարողացել է վերջին կես տարում առգրավել մոտ 500 տոննա թմրանյութ: Իսլամական հեղափոխությունից հետո մոտ 3700 ոստիկան է սպանվել մաքսանենգների հետ բախումների հետևանքով»:
Նշվում է, որ Իրանը 900 կիլոմետրանոց սահման ունի Աֆղանստանի հետ, որին բաժին է ընկնում ափիոնի մաքսանենգության մոտ 74 տոկոսը:
Հիշեցնենք, որ երեկ Իրանում այրել են 100 տոննա թմրանյութ՝ կապված կապված Թմրանյութերի չարաշահումների ու դրանց ապօրինի շրջանառման դեմ պայքարի միջազգային օրվա հետ: