
Մշակույթի նախարարությանը հատկացվել է 80 միլիոն դրամ՝ «Երևանյան հեռանկարներ»-ի համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 60 մլն դրամ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական կայունության և միջազգայնացման գործառույթների ապահովման նպատակով կրթօջախին տրամադրելու համար։ Մեկ այլ որոշմամբ 80 մլն դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի նախարարությանը` «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013 թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։