Բաժիններ՝

«Նարեկ Սարգսյանն առաջինն է շահագրգռված, որ անաչառ քննություն լինի»

Ցանկացած գլխավոր ճարտարապետ՝ Հայաստանում թե՝ այլուր ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք ունի: Ստեղծագործական աշխատանքով զբաղվել են մեր բոլոր գլխավոր ճարտարապետները՝ Ալեքսանդր Թամանյանից ու Նիկողայոս Բունիաթյանից սկսած՝ մինչև Գրիգոր Աղաբաբյան, Մարկ Գրիգորյան, Ջիմ Թորոսյան, Ասլան Մխիթարյան, Սամվել Դանիելյան, Նարեկ Սարգսյան և մեր քաղաքի ու հանրապետության բազմաթիվ խոշոր կառույցներ կյանքի են կոչվել հատկապես նրանց կողմից: Այս մասին փոխանցում է «Փաստինֆոն»:

Ընդ որում, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հեղինակած նախագծերի հիմնական մասը մշակվել է այն տարիներին (2004 հուլիս-2008 հուլիս), երբ նա որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Հենց այդ շրջանում՝ 2004-ին է ստեղծվել «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը»:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը երբևէ որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի եղել և ապրուստը վաստակում է բացառապես իր մասնագիտությամբ, այն է՝ ճարտարապետական նախագծումով, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաև ինքը:

Ինչ վերաբերում է ԹԻՀԿ (Թրանսփերանսի ինթերնեյշնըլ հասարակական կազմակերպություն) կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի «նյութերին», ի մասնավորի՝ Երևանի հուշարձան շենքերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի կամ Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից իբր իրականացրած գործընթացներին, ապա հայտնում ենք, որ ՀՀ-ում հուշարձաններին վերաբերող ցանկացած գործառույթ վերապահված է տվյալ բնագավառում լիազոր մարմին հանդիսացող ՀՀ մշակույթի նախարարությանը: Այսինքն, ավելի քան պարզ է, որ այստեղ որևէ այլ կառույց կամ անձ չի կարող գործառույթներ իրականացնել:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից վերը նշված կազմակերպության դիմումով նախապատրաստվող նյութերին, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե առաջինն է շահագրգռված, որ անաչառ քննության արդյունքում պարզվի իրականությունը և՛ հուշարձանների հետ կապված գործընթացների վերաբերյալ, և՛ ի վերջո, լույս սփռվի, թե տարիներ շարունակ իր դեմ ուղղված զրպարտությունների և բանսարկությունների հեղինակներն ինչ նպատակներ են հետապնդում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս