Հովիկ Աբրահամյանը խոսել է Եվրոպական դատարանի վարույթում գտնվող Սաֆարովի գործից
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:
Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ:
Ողջունելով ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը եւ ներկայությունը ԵԽԽՎ նստաշրջնանին: Ժան Կլոդ Մինյոնը շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանին ԵԽԽՎ Բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերը Երեւանում գերազանց կազմակերպելու եւ անցկացնելու համար: ԵԽԽՎ նախագահը կարեւորեց ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը, հայտարարած առաջնահերթությունները եւ օրակարգը: Նա կարեւոր համարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ակտիվ գործունեությունը եւ բարձր գնահատեց Վեհաժողովի քաղաքական խմբերում եւ հանձնաժողովներում կատարած աշխատանքը:
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալից իրադարձություն է մեր երկրի համար եւ բացառիկ հնարավորություն է ներդրում ու մասնակցություն ունենալու անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի հավակնոտ օրակարգի ձևավորման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը մեծապես կարևորում և բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:
ԱԺ նախագահը կարեւոր համարեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դերակատարությունը, մասնավորապես մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը:
Այս առումով նա շեշտեց Հայաստան -Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի կարեւորությունը, որը կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու իր պարտավորությունները, մասնավորապես` շարունակելու բարեփոխումները դատաիրավական ու քրեակատարողական համակարգերում, կրթական ոլորտում, խթանելու լրատվամիջոցների ազատությունն ու պաշտպանելու երեխաների իրավունքները, խորացնելու տեղական ժողովրդավարությունը, բարելավելու ընտրական օրենսդրությունն ու պրակտիկան:
Կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հարցին` վերահաստատելով հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Կողմերը համակարծիք էին, որ ցանկացած գործողություն, որը կարող է խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, պետք է բացառվի, միաժամանակ վերահաստատելով համանախագահ երկրների կողմից առաջարկված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման երեք հիմնարար սկզբունքները:
Հանդիպման վերջում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գրառում կատարեց ԵԽԽՎ պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի շրաջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Դատարանի դերը Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներում բնակվող եվրոպացիների՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Նա ուրախությամբ փաստեց, որ հանդիպումը տեղի է ունենում ԵԽ Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի նախագահությունը կշարունակի Եվրոպայի խորհրդի նախորդ նախագահությունների ջանքերը` ուղղված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելուն: Ազգային մակարդակով Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն անհրաժեշտ նախապայման է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար:
«Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները իրենց տարբերություններով հանդերձ միավորված են ընդհանուր արժեքներով: Իսկ Եվրոպական դատարանն այդ արժեքների պաշտպանության հենասյունն է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը շարունակելու է աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնք ամրագրված են Ինտերլակենի և Բրայթոնի հռչակագրերում:
Այս առումով, կարեւոր քայլ համարվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության մշակումը, որը ստորագրության համար բացվեց հունիսի 24-ին, և որին Հայաստանը միացավ առաջինների թվում: Պարոն Աբրահամյանն անդրադարձավ նաև Հայաստանին վերաբերող գործերին: Խոսելով Եվրոպական դատարանի վարույթում գտնվող Սաֆարովի գործից` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ միջազգային հանրության խնդիրն է:
«Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպական դատարանը նշված հարցին կանդրադառնա զուտ իրավական տեսանկյունից և կտա համարժեք իրավական գնահատական, ինչը կարևոր նշանակություն կունենա նման անընդունելի արարքների վճռական կանխարգելման համար»,- նշեց ԱԺ նախագահը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը կարեւորեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը եւ ուրախությամբ նշեց, որ առաջիկայում ինքը առաջին անգամ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Ազգային ժողովում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» միջազգային համաժողովին: Դին Շպիլմանը բարձր գնահատեց հայ 4 իրավաբանների աշխատանքը Եվրոպական դատարանում եւ հույս հայտնեց, որ Հայաստանից նոր երիտասարդ իրավաբաններ կգործուղվեն ՄԻԵԴ, քանի որ դատարանը իր ծանրաբեռնվածության պատճառով լրացուցիչ իրավաբանների կարիք ունի: Ըստ Շպիլմանի` դա կարեւոր է եւ արդյունավետ նաեւ փորձի փոխանակման առումով:
ՄԻԵԴ նախագահը անդրադարձավ նաեւ Հայաստանին վերաբերող գործերին` նշելով, որ դրանք տարբեր աստիճանի բարդություն ունեն, սակայն մեծ թիվ չեն կազմում: Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի գործին` Դին Շպիլմանը նշեց, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի եւ ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:
ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն