Լույս տեսավ ՌԱՀՀԿ-ի վերլուծական հանդեսի այս տարվա առաջին համարը
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) լույս ընծայեց «Փոփոխվող աշխարհ: Հայացք Երևանից» ընդհանուր խորագրով իր վերլուծական հանդեսի 2013 թվականի անդրանիկ համարը, որի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ ՌԱՀՀԿ գրասենյակում: Պարբերականի ներկայացմանը, բացի նրա հեղինակներից, մասնակցում էին վերլուծաբաններ, քաղաքագետներ եւ լրագրողներ:
ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը բացման խոսքում ողջունեց ներկաներին՝ հույս հայտնելով, որ նոր թողարկումը նոր մոտեցումների եւ թարմ գաղափարների ատաղձ կծառայի փորձագիտական լայն շրջանակների համար, կառաջարկի ներքին եւ արտաքին կարեւորագույն խնդիրներին ու մարտահրավերներին առնչվող այլընտրանքներ՝ կապված Հայաստանի ներկա աշխարհաքաղաքական հրամայականների եւ շահերի հետ: Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ հանդեսը կնպաստի մեզանում որոշում կայացնելու գործընթացին, ինչպես նաեւ առանցքային հիմնահարցերի նկատմամբ առավել հեռատես ու ամբողջական ընկալումների ձեւավորմանը:
Այնուհետեւ ելույթներով հանդես եկան եւ իրենց աշխատությունների հիմնական ասելիքի շուրջ խոսեցին պարբերականի հեղինակներից Էդգար Վարդանյանը, Արման Եղիազարյանը, Հայկ Գաբրիելյանը, Էմմա Բեգիջանյանը եւ Գրիգոր Բոյախչյանը՝ ուրվագծելով Հայաստանի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական համատեքստում հետագա ուսումնասիրությունների ու վերլուծությունների ուղենիշները: Հյուրերից լրագրող-մեկնաբան Թաթուլ Հակոբյանն իր տպավորությունները պատմեց Թուրքիայում այս օրերին ընթացող հակակառավարական հուզումների մասին, իսկ հասարակական գործիչ Զարուհի Հովհաննիսյանն արծարծեց ՀՀ-ում քաղաքացիական շարժման առանձնահատկությունների թեման:
«Հայացքի» շնորհանդեսն ավարտվեց մտքերի ու կարծիքների անկաշկանդ փոխանակման մթնոլորտում:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն
——————————————————————————–
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան և Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելովª Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշª ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը: