
Դպրոցի ուսուցիչներից գույքահարկի կտրո՞ն են պահանջում

Օրերս Էրեբունի վարչական շրջանի մի քանի դպրոցների ուսուցիչներ «168 Ժամին» ահազանգեցին, որ իրենց դպրոցների տնօրենները Էրեբունիում բնակվող ուսուցիչներից պահանջում են մի քանի օրվա ընթացքում կատարել ՏԻՄ-երի կողմից գանձվող վճարումները (մասնավորապես` գույքահարկը, աղբահանության վճարները) և համապատասխան կտրոնները ներկայացնել իրենց:
Ըստ ուսուցիչների, տնօրենները սպառնում են դա չանելու դեպքում`ազատել աշխատանքից: Հասկանալի պատճառներով` մեզ դիմած ուսուցիչները չցանկացան հրապարակել իրենց անունները՝ լրացուցիչ խնդիրներ չունենալու համար: Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք Էրեբունի վարչական շրջանում գտնվող մի քանի դպրոցների տնօրենների հետ: Բոլորն էլ մեզ հետ զրույցում, բնականաբար, հերքեցին, որ նման պահանջ են ներկայացրել աշխատակիցներին:
Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 դպրոցի տնօրեն Լաուրա Սահակյանն ասաց, որ իրենց դպրոցում նման հրահանգ չի եղել: Նույն վարչական շրջանում գտնվող Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանն էլ նշեց. «Նման բան չի եղել»: Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի գործավարուհին ևս՝ Հայկանուշ Գրիգորյանը, մեզ փոխանցեց, որ իրենց դպրոցի ուսուցիչներից նման բան չի պահանջվել:
Թիվ 178 դպրոցի տնօրեն Նինա Բաբլոյանն էլ նշեց, որ մյուսների փոխարեն չի կարող ասել, սակայն իր կողմից նման հրահանգ չի եղել: «Մեր ուսուցիչները շատ պարտաճանաչ են: Ես գոնե իմ ուսուցիչներին գիտեմ, երևի թե իմ կոլեկտիվում չեն եղել այդպիսի մարդիկ, ովքեր չեն մուծում, որովհետև անպարտաճանաչ մարդիկ շատ կան»,- ասաց Նինա Բաբլոյանը:
Վերջինս ավելացրեց նաև, որ այս օրերին տնօրենները շատ զբաղված են. «Վկայանների հանձնելու միասնական օրն էր: Մենք ժամանա՞կ ունենք գույքահարկով զբաղվելու: Բացի այդ՝ դրա համար աշխատողներ կան, մեզ ինչո՞ւ պետք է անհանգստացնեն»,- նշեց դպրոցի տնօրենը: Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն Ռ. Բեկջանյանն էլ ասաց, որ իրենք իրավունք չունեն ուսուցիչներից նման բան պահանջել:
«Մենք ի՞նչ իրավունք ունենք նման ձևով պահանջել ուսուցիչներից: Ցանկալի է, որ բոլորն իրենց պարտքը կատարեն, բայց ինչպե՞ս կարելի է ուսուցչին ասել, որ կազատվեն աշխատանքից: Նման հրահանգ մենք երբևէ չենք ստացել, ոչ էլ մենք մեզ թույլ կտանք նման ձևով ուսուցիչների հետ վարվել»,- ասաց նա:
Փորձեցինք տեղեկության հետ կապված մեկնաբանություն ստանալ նաև Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության աշխատակիցներից: Վերջիններիս հետ կապվել մեզ այդպես էլ չհաջողվեց:
«168 ԺԱՄ»