
«Հարսնաքարի» պահակները կհրավիրվեն դատարան

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց գործով տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի միջնորդությունը, որով փաստաբանները խնդրում էին քրեական գործի նյութերին որպես ապացույց կցել Ռուբեն Հայրապետյանի՝ ամսագրին տված հարցազրույցը:
Դատական նիստի ընթացքում կողմերը քննարկեցին գործով տուժողների ներկայացուցիչների միջնորդությունը՝ գործով նոր վկաների դատարան հրավիրելու մասին:
Նշենք, որ այդ ցուցակում ընդգրկված որոշ անձանց մասով դատարանը բավարարել էր միջնորդությունը, և նրանք արդեն հարցաքննվել են դատարանում: Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ դատարան կհրավիրվեն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի պահակներ Խաչատուր Սարգսյանն ու Կառլեն Ստեփանյանը:
Միջնորդության մյուս մասին դատարանը կանդրադառնա նշված անձանց հարցաքննությունից հետո: Դատարանը չանդրադարձավ տուժող կողմի ներկայացուցիչների ներկայացրած բժշկական փաստաթղթերին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 28-ին: