
Ֆինանսների նախարարն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Հունիսի 25-ին նախարար Դավիթ Սարգսյանն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության ծրագրեր` անդրադառնալով «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման»` արդեն եզրափակիչ փուլ մտած նախագծերին: Զրուցակիցները տեղեկություններ փոխանակեցին հնարավոր նոր նախաձեռնությունների ու դրանց շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: «Երկարաձգվող ֆինանսավորման» եւ «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրերն ամփոփելուց հետո ԱՄՀ-ն նախատեսում է Հայաստանում սկսել ֆինանսական նոր ծրագիր: Այն, ըստ նախնական բանակցությունների, կլինի կամ Stand-by օժանդակության վարկային կամ երկարաձգվող վարկավորման նոր ծրագիր:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ֆինանսական ոլորտին առնչվող այլ հարցեր եւս: Նախարարը բարձր գնահատեց ԱՄՀ-ի առաքելությունը մեր երկրում եւ հույս հայտնեց, որ արդյունավետ ու հաջողված ծրագրերը Հայաստանում կլինեն շարունակական: