Ռուբեն Թովմասյան. «Մենք երբեք չենք կանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին»
«Ես հաստատ համոզված եմ, որ Հայաստանի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը սոցիալիստական մտածելակերպ ունի, եթե մեզ տարբեր առիթներով չխեղդեն»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը` նշելով, որ իրենց կուսակցությունը կարողացել է ճիշտ գնահատական տալ տեղի ունեցած բոլոր ընտրությունների վերաբերյալ:
«Մենք գտնում ենք, որ Հայաստանում ճշմարիտ ընտրություններ տեղի չեն ունենում»,- ասաց Ռուբեն Թովմասյանը` տեղեկացնելով, որ Կոմկուսն այժմ ամրապնդում է իր շարքերը և ունի 19.000 անդամ:
«Վերջին հաշվով ի՞նչ է ուզում ժողովուրդը: Եկեք սոցիալիզմ, կապիտալիզմ բառերը չօգտագործենք: Ուզում է աշխատանք, ուզում է` իր երեխան լավ սովորի, որ իրեն չխեղդեն զանազան վարկերով, հարկերով, տուրքերով, որ գյուղը մենակ չմնա: Մի ժամանակ գոռացին, թե ծիրանը այսպես, այնպես և այլն, հիմա ծիրանի համար հանրապետական ճանապարհներ են փակվում: Այսօր մենք ժողովրդի հետ պետք է խոսենք ճշմարտության լեզվով` ինչ ունենք, ինչ չունենք, ինչ բացթողումներ ունենք և ուր ենք տանում երկիրը»,- ընդգծեց ընկեր Թովմասյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտին, մասնավորապես՝ ընդդիմությանը, ապա այս մասին Ռ. Թովմասյանն ասաց, թե Կոմկուսը գաղափարապես տարբերվում է մյուս ընդդիմադիրներից:
«Ոչ մեկն ավելի լավ բան, քան սոցիալիստական գաղափարախոսությունը չի ներկայացնում… Դե ցույց տվեք Հայաստանի ընդդիմադիր ուժերից մեկին, որն ասում է` ամեն ինչ հանուն մարդու, ամեն ինչ մարդու համար: Ոչ մեկը չկա…»,- ասաց Ռ. Թովմասյանը:
Կոմկուսի առաջնորդից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի մասին` միավորվել մինչև աշուն: Ի պատասխան հարցին, թե արդյոք Կոմկուսը կլինի՞ այդ գործընթացում, թե՞ ոչ, Ռ. Թովմասյանը պատասխանեց. «Երբե´ք չենք լինի, ուղիղ պատասխանում եմ»:
Իսկ այն հարցին, թե պատճառը գաղափարախոսական տարաձայնություննե՞րն են, ընկեր Թովմասյանը պատասխանեց այպես. «Ոչ միայն գաղափարախոսությունը: Կրկնում եմ, որովհետև Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը քրտինքով, իր ժողովրդի հետ աշխատասիրությամբ ստեղծել է Սովետական Հայաստանը: Կանգնեք պատուհանից ու նայեք` մի բան ստեղծվե՞լ է վերջին 22 տարիների ընթացքում: Ստեղծել՝ տվել ենք, իրենք էլ ոնց ուզեցել, վաճառել են, ցրել են… Հիմա գնալ, կանգնել, թե՝ հա համաձայն ենք Րաֆֆիի հետ: Ես նորից եմ ասում` մենք երբեք չենք կանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին»: