«Հարսնաքարի» գործով տուժողների ներկայացուցիչները միջնորդում են ամբաստանյալների գույքի վրա կալանք դնել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ մինչ նախորդ դատական նիստը՝ դատարանը ստացել էր մի քանի փաստաթղթեր:

Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը միջնորդել էին քրեական գործի նյութերին կցել  «Նուվել դ՛Արմենի» ամսագրին տված Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, որում, ըստ տուժողների, նա  հայտնել է գործի հետ կապված էական մանրամասներ:

Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց նաև, որ դատարան է ներկայացվել գործով տուժողների ներկայացուցիչների միջնրդությունը, որով վերջիններս խնդրում էին գրծով բոլոր ամբաստանյալների՝  Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, գույքի վրա կալանք դնել: Դատարանը քննության չառավ միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ տուժողների ներկայացուցիչներն այն ուղղել էին մեղադրողներին, ովքեր էլ միջնորդությունը վերահասցեագրել էին դատարանին:

Գործով տուժողների ներկայացուցիչներն էլ դատարան ներկայացրին իրենց կողմից  փաստաբանական հարցման ենթարկված «Մուրացան» զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ Արման Հակոբյանի հարցաքննությունը: Վերջինս Վահե Ավետյանին վիրահատած բժիշկն է:

Տեսանյութեր

Լրահոս