Պուտինի գործակալները՝ Հայաստանում

Որքան ավելի որոշակիանում է Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության սպառնալիքը, որքան այդ հարցում  Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումներն ավելի առարկայական են դառնում, այնքան ավելի մեծանում է մեր քաղաքական դաշտի «հավաքական լռությունն» այս հարցի առնչությամբ:

Բացառությամբ եզակի անհատ քաղաքական գործիչների, քաղաքական ուժերը խուսափում են համակարգված, հստակ դիրքորոշում հայտնել՝ ի վերջո, կողմ են Հայաստանի անդամակցությանը Եվրասիակա՞ն միությանը, թե՞ Հայաստանի եվրաինտեգրմանը, որը կարող է շատ ավելի իրական դառնալ նոյեմբերին Վիլնյուսում ստորագրվելիք Ասոցիացման համաձայնագրի արդյունքում: Իշխանական քաղաքական ուժերի, առաջին հերթին՝ ՀՀԿ-ի լռությունը, ավելի ճիշտ՝ «կամ-կամ» անհեթեթ հիմնավորմամբ հարցը լղոզելու փորձերը, շարունակվում են այն պարզ պատճառով, որ ՀՀԿ-ականներն իրենք էլ չգիտեն ոչ միայն այն, թե ո՞րն է ճիշտ, այլև, որ ավելի կարևոր է՝ ո՞րն է ճիշտ համարում իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանը: Եվ, որ շատ ավելի կարևոր է՝ կկարողանա՞ արդյոք նա կատարել այն ընտրությունը, որն ինքը Հայաստանի շահերի տեսանկյունից ճիշտ է համարում:

Ընդդիմադիր ուժերի լռության պատճառները՝ շատ ավելի տարօրինակ, միևնույն ժամանակ՝ խիստ հասկանալի են: Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը տարիներ շարունակ իշխանական կուսակցությունների հետ մրցակցել ու մրցակցում են ոչ այնքան Հայաստանի հանրության աջակցությունը ստանալու, որքան ռուսական իշխանության բարեհաճությանն արժանանալու համար:

«Ռուսական գիծը» Հայաստանում սրբության-սրբոցի նման բան է, և քաղաքական դաշտում որևէ կերպ իրենց տեղավորած ուժերը չեն կարող վտանգել իրենց գոյությունը՝ հանուն Հայաստանի շահերի Ռուսաստանի դեմ արտահայտվելու ճանապարհով: Սա, բնականաբար, չի վերաբերում բոլոր քաղաքական ուժերի բոլոր կուսակցականներին, քանի որ անգամ իշխանական դաշտում կան անհատներ, ովքեր գիտակցում են այս հարցի կարևորությունն ու եվրասիական վտանգավորությունն ու այս կամ այն չափով դեմ են արտահայտվում դրան: Սակայն, կրկնում ենք, համակարգված հակազդեցություն եվրասիական ճնշմանը Հայաստանի քաղաքական դաշտում չկա:

Ու շատ դժվար է ասել՝ այս, այս, այս ուժերը կողմ են Հայաստանի անդամակցությանը այդ՝ պուտինյան՝  դեռևս երևակայական միությանը, այս, այս, այս ուժերը՝ դեմ:
Կարելի է, իհարկե, առանձին-առանձին վերլուծել իշխանական, ընդդիմադիր և այլընտրանքային կուսակցությունների վարքագիծը և փորձել պատասխանել հարցին, թե ինչո՞ւ է կոնկրետ այս կամ այն ուժը խուսափում դիրքորոշում արտահայտել Հայաստանի համար այդչափ կարևոր հարցում, եթե, իհարկե, այդ դիրքորոշումը հավերժ ռուսահպատակությունը չէ: Բայց, թերևս, շատ ավելի տեղին է վերհիշել մոտ երկու տարվա վաղեմության հայաստանյան քաղաքական գործընթացներից մեկը, որն անուղղակիորեն բացատրում է «եվրասիական լռությունը»:

Խոսքը 2011 թվականին «Ժառանգության» կողմից նախաձեռնված ու, բնականաբար, տապալված օրինագծի մասին է: Նախորդ գումարման խորհրդարանում «Ժառանգությունը» ներկայացրեց «Լյուստրացիայի» մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում էր մինչև 1991 թվականը նախկին ԽՍՀՄ և այլ երկրների գործակալների գաղտնազերծմանը, ինչը հնարավորություն կտար պետական կառավարման ու նաև քաղաքական համակարգը զերծ պահել առաջին հերթին՝ ԿԳԲ-ական գործակալական ցանցից:

Այդ նախաձեռնությունն, իհարկե, «Ժառանգությանը» չէր, դրանից առաջ մի քանի անգամ եղել էին նման նախաձեռնություններ, սակայն հաջողություն չէին ունեցել: «Ժառանգության» նախաձեռնության առանձնահատկությունն այն էր, որ հնարավորություն տրվեց գոնե մասամբ պատկերացում կազմել, թե հայաստանյան քաղաքական դաշտի որ ուժերն են դեմ դրան:

Իշխանությունը՝ ՀՀԿ-ն, բնականաբար ու հասկանալիորեն, դեմ էր, ինչպես և այն ժամանակ դեռևս դոմինանտ ընդդիմադիր համարվող ՀԱԿ-ի վերնախավը, որի ներկայացուցիչների մի մասը, ի դեպ, կարճ ժամանակ անց հայտնվեց նոր գումարման խորհրդարանում: Խորհրդարանական ընտրություններից հետո լյուստրացիայի մասին խոսակցությունները դադարեցին, «Ժառանգությունը», որ այդ նախաձեռնությունը ներկայացնում էր՝ որպես Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն օտար ազդեցություններից փրկելու անհրաժեշտություն, մոռացավ գաղտնազերծման մասին: «Զարմանալի զուգադիպությամբ»՝ 2013 թվականի հետընտրական իրադարձություններն էլ ավարտվեցին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա կատարած այցով:

Սա՝ իմիջիայլոց:

Հիմա Հայաստանն իսկապես կանգնած է լրջագույն, ճակատագրական երկընտրանքի առջև: Գրեթե ամենօրյա ռեժիմով զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանի կողմից Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը կանխելու և Հայաստանին Եվրասիական միություն մտցնելու համար: Այս պայմաններում լյուստրացիան կարող էր փրկություն դառնալ Հայաստանի այն քաղաքացիների, այն փոքրաթիվ քաղաքական գործիչների համար, ովքեր չեն ցանկանում ենթարկվել ռուսական կայսերապաշտությանը:

Բայց ողջ խնդիրն այն է, որ լյուստրացիայի դեպքում Հայաստանը կարող է մնալ առանց պետական ու քաղաքական համակարգի: Որովհետև այդ համակարգերը լցված են Վլադիմիր Պուտինի գործակալներով, ներողություն՝ գործընկերներով: ԿԳԲ-ի գծով:

Տեսանյութեր

Լրահոս